Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվեցին


Թուրքիա - Ոստիկանները դատարան են բերում Հրանտ Դինքի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում), Ստամբուլ, հուլիս, 2007թ.
Թուրքիա - Ոստիկանները դատարան են բերում Հրանտ Դինքի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում), Ստամբուլ, հուլիս, 2007թ.
Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող 6 զինվորական պաշտոնյաների:

Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզին եւ հետախուզական վարչության պետ Մեթին Յըլդըզին Տրապիզոնի քրեական դատարանը դատապարտել է 6, եւս 4 զինվորականների` 4 ամսվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են իրենց պարտականություններում թերանալու եւ Դինքի սպանությունը չկանխելու մեջ:

Ազատազրկման դատապարտված զինվորականներից երկուսը՝ Օքան Շիմշեքն ու Վայսել Շահինը իրենց ցուցմունքներում հայտարարել են, որ «Ակոս» թերթի խմբագրապետի սպանությունից 6 ամիս առաջ իմացել են ծրագրվող սպանության մասին, տեղյակ են պահել հետախուզական վարչության պետին՝ Յըլդըզին, նա էլ, իր հերթին, տեղյակ է պահել ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզին, սակայն Օզը այս տեղեկությունը ստանալուց հետո միջոցներ չի ձեռնարկել սպանությունը կանխելու ուղղությամբ:

Հարցաքննության ժամանակ այս զինվորականների ցուցմունքները հաստատել է նաեւ Տրապիզոնի ժանդարմերիայի ազգային անվտանգության վարչության պաշտոնաթող ղեկավար Օգյուզ Չաղլարը` հավելելով, որ հրամանատարը տեղեկություններն անտեսել է դիտավորյալ կամ չգիտակցված. սկզբում Օզը ասել է` «այդ մասին հետո կխոսենք», եւ այլեւս այդ թեման չի քննարկվել:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան առջեւ, 17-ամյա Օգյուն Սամասթի արձակած կրակոցներից: Դինքի հարազատները, ընկերները, ընտանիքի փաստաբանը մշտապես պնդում են, որ հանցագործության հետեւում կանգնած անձինք, Դինքի սպանության իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվում եւ մնում են անպատիժ:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ հրահանգը կարծես որոշակի բեկում է մտցրել Դինքի սպանության հանգամանքների բացահայտման գործընթացում: Գյուլի հրահանգով սպանության քննության ընթացքին մի քանի ամիս առաջ սկսեցին հետեւել Թուրքիայի նախագահի տեսչական ծառայության` Վերահսկողական խորհրդի աշխատակիցները: Նրանք նաեւ Դինքի ընտանիքին էին հանդիպել եւ արձանագրել դժգոհությունները:

«Իմ տպավորությունը այն է, որ այդ ֆոնի վրա արդեն դատավարության, հարցաքննության ընթացքի մեջ որոշ փոփոխություն զգալի դարձավ, զգալի դարձավ, որ քաղաքական կամք կա այս գործի բացահայտման ուղղությամբ», - ասաց Գոչունյանը:

Տրապիզոնի ժանդարմերիայի պաշտոնյաներին ազատազրկման դատապարտելը եւս Արա Գոչունյանը այս համատեքստում է դիտարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG