Մատչելիության հղումներ

Milliyet. Թուրքիայի նախագահը հետեւում է Դինքի սպանության քննության ընթացքին


Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, հոկտեմբեր, 2006թ.

Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, հոկտեմբեր, 2006թ.

«Աբդուլա Գյուլը ուշի ուշով հետեւում է Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքին», - պնդում է թուրքական Milliyet պարբերականը:

Թերթը տեղեկացնում է, որ «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հետաքննության ընթացքին հետեւում են Թուրքիայի նախագահի տեսչական ծառայության` Վերահսկողական պետական խորհրդի աշխատակիցները: Թերթի վկայությամբ, տեսուչների այս խումբը Դինքի սպանության գործով սկսել է զբաղվել մի քանի ամիս առաջ` Աբդուլա Գյուլի հատուկ հրահանգից հետո:

Երկու շաբաթ առաջ, ըստ թուրքական պարբերականի, նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները այցելել են Հրանտ Դինքի այրուն: «Տեսուչները գրի են առել հետաքննության ընթացքին վերաբերող այն բոլոր դժգոհությունները, որ հանդիպման ընթացքում արտահայտել է Ռաքել Դինքը», - գրում է Millyet-ը:

Ընդհանրապես, թերթում զետեղված այս հոդվածից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի նախագահի վերահսկողական ծառայությունը իրավապահներին զուգահեռ սկսել է հետաքննել Դինքի սպանության հանգամանքները: Milliyet-ը այս մասին գրում է. - «Վերջին ամիսներին տեսուչները բազմաթիվ մարդկանց են հանդիպել, որոնց ցուցմունքները կարող են լույս սփռել Հրանտ Դինքի սպանության վրա: Ամենակարեւոր հանդիպումներից մեկը Ռաքել Դինքի հետ էր, որին մասնակցել են նաեւ նրա փաստաբանները: Թե' «Ակոս»-ի խմբագրի այրին եւ թե' նրա շահերը ներկայացնող իրավաբանները մեկ անգամ էլ հիասթափություն են հայտնել այն փաստի առթիվ, որ Թուրքիայի իրավապահ համակարգն այդպես էլ չկարողացավ պաշտպանել ստամբուլահայ լրագրողին»:

Թերթը նաեւ տեղեկացնում է, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ջեմալ Բոյալըն Աբդուլա Գյուլին պարբերաբար զեկուցում է հետաքննության ընթացքի մասին: «Գյուլի հետ վերջին հանդիպման ընթացքում Բոյալըն զեկուցել է Ռաքել Դինքի հետ տեղի ունեցած զրույցի մասին», - գրում է Milliyet-ը:

Ի դեպ, նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահի վերահսկողական ծառայությունը ակտիվորեն սկսել է զբաղվել Դինքի սպանության գործով, Անկարայի 14-րդ Վարչական դատարանը չեղյալ հայտարարեց ներքին գործերի նախարարության այն որոշումը, որով Անվտանգության ծառայության ղեկավարներից մեկը` Ռամազան Աքյուրեքը հեռացվում էր իր պաշտոնից:

Աքյուրեքը պաշտոնից հեռացվել էր «Ակոս»-ի խմբագրի ծրագրվող սպանության մասին բավարար տեղեկություններ ունենալու, բայց այն կանխելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկելու մեղադրանքով:

Դատարանը, սակայն, համարում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որեւէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ Աքյուրեքը կարող էր կանխել Դինքի սպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG