Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարել է իշխանության հետ երկխոսության պատվիրակության կազմը


Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի հանրահավաքում
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի հանրահավաքում
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հինգշաբթի օրը քաղխորհրդի արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է իշխանությունների հետ երկխոսությանը մասնակցող պատվիրակության կազմը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ երեքշաբթի կայացած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ, ՀԱԿ-ի երեք պահանջների կատարման հանգամանքը նկատի ունենալով, իրենք արդեն պատրաստ են` «իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության»:

Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծել էր, որ երկխոսության օրակարգը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, սակայն դա չի նշանակում, թե ՀԱԿ-ը հաշվի չի առնելու նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխանությունը պատվիրակություն կկազմի՞ ՀԱԿ-ի հետ երկխոսության համար, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ասաց. - «Թե իշխանությունը պատվիրակություն կկազմի, թե ոչ, եւ երկխոսության ի՞նչ ձեւաչափ կընտրի՝ կորոշի երկրի նախագահը, բայց մեզ համար անընդունելի է արտահերթ ընտրությունների պահանջը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG