Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության


Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքում համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, 31 մայիս

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքում համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, 31 մայիս

Երեքշաբթի կայացած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ, ՀԱԿ-ի երեք պահանջների կատարման հանգամանքը նկատի ունենալով, իրենք արդեն պատրաստ են` «իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության»:

«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը: Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ երկխոսության համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն հանգամանքը, որ ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, իսկ իշխանությունը հակադարձում է, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու: Նրա խոսքերով` հակամարտող կողմերը գալիս են երկխոսության հենց տրամագծորեն հակառակ դիրքորոշումներով. - «Մենք ասում ենք` արտահերթ ընտրություններ, նրանք ասում են` ոչ մի դեպքում արտահերթ ընտրություններ: Թող ասեն: Այս երկխոսության ընթացքում ամեն մեկը իր ուժերի դիրքերից ելնելով հարկադրում է իր հակառակորդին քայլ առ քայլ մոտենալ իր դիրքորոշմանը»:

Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը օրինակ բերեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի հակադիր դիրքորոշումները, ինչը, սակայն, չի խանգարում, որ կողմերը բանակցեն միմյանց հետ: «Եթե էդպիսի թշնամական լագերներում դա չի խանգարում, ապա ի՞նչ դժվարություն է ներկայացնում հայերի մեջ, թեկուզ` տարբեր տեսակի հայերի մեջ այսպիսի երկխոսություն իրականացնելը», - հայտարարեց նա:

Արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե իշխանության եւ Կոնգրեսի միջեւ իրականում հասարակությունից գաղտնի գործարք է տեղի ունեցել, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, թե դրանք «անպարկեշտ մարդկանց կողմից տարածվող դատարկ խոսակցություններ ու ասեկոսեներ» են, քանի որ հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության եւ իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ ֆորմալ երկխոսության արդյունքում:

Տեր-Պետրոսյանի համոզմամբ` «ակնհայտ է, որ որոշ ուժեր, տարբեր պատճառներով, խիստ անհանգստացած են նշված հեռանկարից, որը կարող է հիմնովին փոխել երկրի թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական, եւ թե՛ հասարակական իրավիճակը»: Անհանգստացածների շարքում նա ակնարկեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդացած» ու խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտե, թե ինչ հիմքեր ունի անհանգստանալու ու խուճապի մատնվելու համար: Անշուշտ, անհանգստացած ու նույնիսկ ահաբեկված են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց այդ անձը, սեփական կաշին փրկելու համար, իր վերջին հարցազրույցով, ինչպես ասում են, «փուռը» տվեց, մինչ ժամանակին նրանց հրապարակավ խոստացել էր, որ ոչ մի ոստիկան մարտի 1-ին կատարած ոճրագործությունների համար չի դատվելու», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Անհանգստության նշաններ են նկատվում նաեւ որոշ արտաքին ուժերի մոտ, որոնց ամենեւին ձեռնտու չէ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացումը, քանի որ դրանով նրանք կզրկվեն վերջինիս քաղաքական վարքագծի վրա ազդելու մինչ այժմ ունեցած լծակներից։ Չափից ավելի անհանգստացած է Դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին»:

Արձագանքելով այն պնդումներին, թե Հայ ազգային կոնգրեսը եւ իշխանությունները վերջին շրջանում սկսել են հաճոյախոսություններ փոխանակել, Տեր-Պետրոսյանը ասաց, թե չի կարող ուրանալ, որ ոճի որոշ փոփոխություն իսկապես առկա է, «եւ դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած բանակցությունից կամ երկխոսությունից առաջ հակամարտող կողմերի հռետորաբանությունն անխուսափելիորեն մեղմանում է»: Սակայն նա ընդգծեց, որ դրանով հանդերձ` «երկխոսությունն ամենեւին սիրաբանություն, գրկախառնություն կամ միմյանց մասին ունեցած կարծիքների վերանայում չի նշանակում»:

«Նույնկերպ մենք մշտապես համարել եւ այսուհետեւ եւս համարելու ենք, որ Հայաստանի իշխանական բուրգը ոչ լեգիտիմ, ավազակապետական, քրեաօլիգարխիկ, թաթար-մոնղոլական համակարգ է, որն անհրաժեշտ է հիմնովին կազմաքանդել եւ արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնել երկրի սահմանադրական կարգը», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, թե ակնհայտ է, որ Հայաստանում, ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է` համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում եւ իշխանության փոփոխություն: «Սակայն, ի տարբերություն արաբական երկրների, մենք ձգտում ենք դրան հասնել ոչ թե ահավոր ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով», - ընդգծեց նա` հավելելով. - «Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաեւ արաբական տարբերակը, որովհետեւ հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին»։

Ավարտելով իր ելույթը` Տեր-Պետրոսյանը հավաստիացրեց, որ իրենց հաջորդ հանրահավաքը (տեղի կունենա հունիսին, սակայն օրը դեռ հստակ չէ), շատ չի ուշանա, քանի որ «իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով»։

ՀԱԿ-ը իշխանության հետ երկխություն սկսելու համար երեք պահանջ էր ներկայացրել` Ազատության հրապարակի տրամադրում ընդդիմության հանրահավաքների համար, 2008-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտման պաշտոնական հավաստիացում եւ բանտերում գտնվող ընդդիմադիրների ազատ արձակում: Ընդդիմությունը փաստել էր, որ իրենց երեք պահանջները կատարված են:

ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքին մասնակցում էին օրերս համաներմամբ ազատ արձարկված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր եւս հանդես եկան ելույթներով: Ելույթ ունեցան նաեւ ընդդիմության մյուս առաջնորդները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG