Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը «բոլոր գործընթացները կամփոփի մայիսի 31-ի հանրահավաքում»


 Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնում է համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշմանն ու Կոնգրեսի հետագա քայլերին:

Զուրաբյանի համոզմամբ` ամեն ինչ վկայում է, որ իշխանությունների պատրաստ են կատարել կոնգրեսի բոլոր 3 պայմանները` Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ երկխոսություն սկսելու համար:

«Ուշադիր հետեւում ենք զարգացումներին, տեսնում ենք, որ ջանքեր են գործադրվում քաղբանտարկյալներին ազատելու համար: Շատ դրական է նաեւ, որ դա ուղեկցվում է հարյուրավոր մարդկանց ազատ արձակումով», - հավելեց նա:

Հարցին, թե որոնք են լինելու ՀԱԿ-ի առաջիկա քայլերը եւ արդյո՞ք կարելի է երկխոսության «կիսաբաց դուռը» բացված համարել, Զուրաբյանը պատասխանեց, թե դեռ շուտ է իշխանությունների կատարած քայլերն ամփոփելը, վերջնական գնահատականը կտրվի մայիսի 31-ի հանրահավաքում. - «Մայիսի 31-ին, մեր հանրահավաքի ժամանակ, որին կմասնակցեն նաեւ մեր քաղբանտարկյալները եւ իրենց ելույթներում, վստահ եմ, երախտագիտական խոսք կասեն մեր ժողովրդին, որը երեք տարի շարունակ պայքարեց, այդ օրը մենք կամփոփենք բոլոր այս գործընթացները եւ կհայտարարենք մեր հետագա ռազմավարության մասին»:

Հայ ազգային կոնգրեսը երեկ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկել է Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր:

Զուրաբյանի փոխանցմամբ` իրենց 3 նախապայմանների կատարմամբ կարող են արձանագրել, որ Հայաստանում ստեղծվում է լրիվ նոր քաղաքական իրավիճակ, քանի որ երեք տարի շարունակ «իշխանությունները գնացել են համաժողովրդական շարժման անտեսման, ահաբեկման ճանապարհով», իսկ այսօր «իշխանությունն առաջին անգամ գնում է զիջումների` կատարում է ընդդիմության պահանջները»: Դա, նրա ձեւակերպմամբ` նշանակում է նոր քաղաքական իրավիճակ, եւ ցույց է տալիս հարցերը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու` իշխանությունների պատրաստակամությունը:

Հարցին, թե որքան դա կտեւի, Զուրաբյանը դժվարացավ պատասխանել` ասելով. - «Պարզ է մի բան` մենք արձանագրել ենք լուրջ հաջողություններ: Պարզ է նաեւ, որ սա ստեղծում է նոր իրավիճակ, որը հնարավորություն է տալիս պայքարել Հայաստանում անցնցում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար: Բայց նաեւ պետք է հասկանալ, որ այդ պրոցեսի արդյունավետությունը լիովին պայմանավորված է ժողովրդի ակտիվությամբ: Ուստի շատ կարեւոր է, որ մայիսի 31-ի մեր հանրահավաքի ժամանակ առավելագույնս մարդ հավաքվի»:

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում ընտրությունների միջոցով «թավշյա հեղափոխության» իրականացումը, երբ բազմիցս պնդել են, որ իշխանություններն ի վիճակի չեն անցկացնել ազատ եւ արդար ընտրությունները, Կոնգրեսի համակարգողը արձագանքեց. - «Եթե իշխանությունները ընդունում են, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է կարգավորել, իսկ իրենց քայլերով կարելի է արձանագրել, որ ընդունում են դա, ուրեմն պետք է հասկանան նաեւ, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ ձեւը դա արդար եւ ազատ, օրինական արտահերթ ընտրություններն են: Եթե պետք է անցկացվեն ընտրություններ, որում նորից կկիրառվեն բռնություններ եւ ապօրինություններ, դրանով քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվի, այլ ավելի կխորանա»:

«Կարծես նշմարվում է մի ճանապարհ, որ բոլոր այդ հարցերը, այդ թվում նաեւ օրինական ընտրությունների անցկացման հնարավորությունը կարող է կարգավորվել փոխադարձ համաձայնությամբ: Կլինի դա` ավելի լավ բոլորի համար, չի լինի` ուրեմն ժողովուրդը իր խոսքը կասի», - եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG