Մատչելիության հղումներ

Համաներման մասին որոշումը ընդունվեց


Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին:

Համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Ազգային ժողովի որոշումը, ըստ կանոնակարգի, ստորագրում է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն ստորագրել է համաներման որոշումը: Այն 24 ժամվա ընթացքում կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Համաներման կիրառման ողջ գործընթացը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` այս համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, եւս 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը. այս թիվը կարող է մոտ 20 տոկոսով փոփոխվել:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ե՞րբ կարող են ազատության մեջ հայտնվել առաջին դատապարտյալները, հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ առաջնային վերաբերմունք դրսեւորվի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ անհարկի ձգձգումները բացառված են, սակայն չհստակեցրեց անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կդրսեւորվի, թե` ոչ. - «Հիմա պիտի տեսնել` երբ է ուժի մեջ մտնելու, որովհետեւ 24 ժամ է նախատեսված հրապարակելու համար եւ հաջորդ օրը ուժի մեջ մտնելու համար, եւ դրանից հետո ժամացույցը կսկսի աշխատել»:

Հինգշաբթի օրը խորհրդարանում կարծիքներ էին հնչում, ի դեպ` իշխանական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ մինչեւ մայիսի 31-ը, այսինքն մինչեւ ընդդիմության հանրահավաքի օրը Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը կհայտնվեն ազատության մեջ:

Համաներման այս ակտը կկիրառվի մարտի 1-ի առնչությամբ դատապարտված ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Սասուն Միքայելյան եւ Նիկոլ Փաշինյանի մասով այս տեղեկություն ԱԺ-ում հաստատեց նաեւ Արդարադատության նախարարը, ով երեկ այդ հարցին կոնկրետ պատասխան չէր տալիս:

«Ես ուրախ եմ, որ համաներումով որոշ խումբ մարդիկ կհայտնվեն ազատության մեջ: Դա մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններից, բայց եւ չպետք է հանգստանանք` մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք որպես հանրություն խնդիր ունենք այնպես կազմակերպելու մեր երկրի ներքին կյանքը, որ լինի իրական քաղաքական երկխոսություն կամ բանավեճ, երբ միմյանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ որոշ քաղաքական ուժերի համար, տեսակետների տարբերությունը չթշնամացնի կողմերին», - ասաց Թովմասյանը:

Համաներման որոշմանը ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն էր:

«Եթե խնդիրը վերաբերում էր ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների կարգավորմանը, ապա այս մեկ քայլը չպետք է ներկայացնել որպես իրավիճակի բարելավում, երկխոսություն, հանդուրժողականության ձեւավորում եւ այլն: Ցավոք սրտի, արմատները շատ ավելի խորն են, ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամավորներին, կառավարությանը եւ հատկապես հասարակությանը խաբենք, թե համաներումով նման արդյունքներ ենք ունենալու», - իր որոշումը բացատրեց Թորոսյանը:

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, սակայն, պնդում է, որ այս քայլը միանշանակ կթուլացնի լարվածությունը, իշխանության եւ ընդդիմության երկխոսության համար լավ հիմքեր կստեղծի. - «Անշուշտ, այստեղ կա եւ լուրջ հասարակական, ինչպես նաեւ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ այս համաներման արդյունքում մենք կարող ենք մեղմացնել քաղաքական այն իրավիճակը, որը որ կա, եւ, անշուշտ, այստեղ կա խնդիր` թե' համերաշխության հետ, թե' ներքաղաքական երկխոսության հետ կապված եւ թե' առհասարակ հումանիստական արժեքների հետ կապված»:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG