Մատչելիության հղումներ

Արմավիրի քաղաքապետի թեկնածուի շտաբի ներկայացուցիչը կալանավորվել է


Քաղաքապետի ընտրություններ Արմավիրում, մարտ 20, 2011
Քաղաքապետի ընտրություններ Արմավիրում, մարտ 20, 2011
Արմավիրի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական Սեւակ Մինասյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Անուշավան Ալեքսանյանը չորեքշաբթի ուշ երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է մարդ առեւանգելու կասկածանքով:

Նա կասկածվում է Արմավիրի քաղաքապետի ընտրության օրը` մարտի 20-ին Տիգրան Ավետիսյան անունով անձին առեւանգելու մեջ: Սակայն Սեւակ Մինասյանի շտաբը հայտարարում է, որ նա Ավետիսյանին ոչ թե առեւանգել է, այլ փորձել է կանխել նրա կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքը: Ինչպես «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց պատմեց շտաբի ներկայացուցիչ Ստեփան Ստեփանյանը, ընտրությունների օրը ահազանգ են ստացել, որ այդ տարածքում ընտրակաշառք են բաժանում:

«Գնում են այդ պահին արձանագրում են դեպքը: Անուշավանը [Ավետիսյանին] նստեցնում է իր մեքենան, բերում են կենտրոն», - պատմեց Ստեփանյանը:

Սեւակ Մինասյանի վստահված անձ Սարգիս Ցականյանն էլ հավելեց, որ Տիգրան Ավետիսյանը իրենց շտաբում խոստովանել է, որ նման արարք է կատարել: Ցականյանն ասաց, որ անձամբ է ահազանգել ոստիկանություն, բայց մինչ իրենց ահազանգելը Տիգրան Ավետիսյանի հարազատներն են դիմել ոստիկաններին, թե երիտասարդին առեւանգել են: Այնուհետեւ ե'ւ Անուշավան Ալեքսանյանը, ե'ւ Տիգրան Ավետիսյանը բերվել են Ոստիկանության բաժին, բայց Անուշավան Ալեքսանյանը տեղում ձերբակալվել է եւ կալանավորվել, իսկ Տիգրանն անմիջապես դուրս է եկել:

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սեդրակ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը ընտրություններում վերընտրված քաղաքապետ Հանրապետական Ռուբեն Խլղաթյանի հիմնական մրցակիցն էր եւ Խլղաթյանին պարտվել էր շուրջ 1000 ձայնի տարբերությամբ: Մինասյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ ընտրությունները անցկացվել են զանգվածային խախտումներով եւ պետք է անվավեր ճանաչվեն:

Սեւակ Մինասյանի կողմնակիցները հիշեցրեցին, որ ընտրությունների հաջորդ օրը` երկուշաբթի իրենց բողոքի ակցիան վերածվել է բախումների: Ասում էին, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց շուրջ մեկ տասնյակ թիմակիցներին, բայց ոչ մի իրավապահ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել. Նրանք հերքում էին այն պնդումները, թե ոստիկանները եկել են, որովհետեւ իրենք փակել էին Արմավիր -Երեւան մայրուղին, ասում էին` ծեծկռտուքի ժամանակ ճանապարհը բաց է եղել:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ցուցարարներին, այդ թվում` նաեւ թեկնածուին հարվածելու մասին պնդումները: Ոստիկանապետը, ով անձամբ է այդ օրն այնտեղ եղել, շարունակում է պնդել, որ ցուցարարները մայրուղին փակել են, եւ չեն ենթարկվել մայրուղին բացելու իր աշխատակիցների հորդորներին ու խնդրանքին:

Անդրադառնալով Անուշավան Ալեքսանյանի ձերբակալությանը, Եսայանը ասաց, թե Տիգրան Ավետիսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստը հաստատված չէ (ոստիկանության բաժնում Տիգրան Ավետիսյանը հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները), իսկ Անուշավան Ալեքսանյանի կողմից նրան առեւանգելու փաստը կա:

please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG