Մատչելիության հղումներ

Երեքշաբի առավոտյան սկսվել է Արմավիրի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը:

Քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Սեւակ Մինասյանի թիմը, կասկած հայտնելով, թե գործող քաղաքապետը` Ռուբեն Խլղաթյանը (ՀՀԿ) վերընտրվել է զանգվածային ընտրախախտումների եւ կեղծիքների միջոցով, վերահաշվարկ է պահանջել բոլոր տեղամասերում:

Ըստ քվեարկության արդյունքների, Մինասյանը, ով, ի դեպ, Արմավիրի դատախազի տեղակալ Սեդրակ Մինասյանի որդին է, պարտվել է ընդամենը 1038 ձայնի տարբերությամբ:

Մինասյանի վստահված անձինք ու թիմակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կարծիք հայտնեցին, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն:

«Սա ընտրություն չէր, սա խալտուրա էր», - ասաց Մինասյանի կողմնակիցներից մի կին:

Ըստ Մինասյանի նախընտրական շտաբի, խախտումները սկսվել են ընտրացուցակներից` ընտրություններից օրեր առաջ Արմավիրում գրանցվել են տարբեր գյուղերի կամ այլ քաղաքների բնակիչներ, ովքեր հետագայում մասնակցել են քվեարկությանը:

Ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի անդամ Գոհար Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հետեւյալը. - «Մի տանը գրանցված են 15 հոգի` տարբեր ազգանուններով… Ո՞նց են արել: Հուշակերտից մի կին, որին ես ճանաչում եմ, եկել է այդ տեղամասը, որտեղ ես եմ: Ասացի` դու այստեղ ի՞նչ ես անում: Տեսնեմ` անձնագրի մեջ մարտի 17-ին գրանցվել էր որպես Հոկտեմբերյան քաղաքի բնակիչ»:

Սեւակ Մինասյանի վստահված անձ Սուսաննա Հովհաննսիյանը պատմեց, որ ողջ օրվա ընթացքում ականատես է եղել մարդկանց խմբերով քվեարկության բերելու դեպքերի:

Մինասյանի շտաբը ահազանգել է նաեւ ընտրակաշառքների մասին` բերելով կոնկրետ օրինակներ:

«Մի երիտասարդ եկել էր մեր շտաբ, խոստովանել էր, որ նման արարք է կատարել, նրա ձեռքից վերցրել ենք հինգ հատ 10 հազար դրամանոց թղթադրամ եւ ընտրացուցակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանի վստահված անձանցից Սարգիս Ցաքանյանը` հավելելով, թե մինչ իրենք կդիմեին ոստիկանություն, այդ երիտասարդի թիմակիցները ավելի շուտ են հաղորդում ներկայացրել իրավապահներին` թե իրենց ներկայացուցչին առեւանգել են: Արդյունքում ձերբակալվել է ոչ թե ընտրակաշառք բաժանող երիտասարդը, այլ նրան շտաբ բերած անձը` Անուշավան Ալեքսանյանը:

Հայաստանի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ Ալեքսանյանը ձերբակալված է եւ կասկածվում է Տիգրան Ավետիսյան անուն-ազգանունով անձին առեւանգելու մեջ:

Երեկ, ի նշան բողոքի, Արմավիր քաղաքի բնակիչները փակել էին Երեւան - Արմավիր մայրուղին: Ոստիկանության հետ ցուցարարների բախման հետեւանքով վերջիններից 5-ը բերման էին ենթարկվել ոստիկանություն:

Վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շտաբը, ինչպես նաեւ թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հերքեցին ընտրակեղծիքների մասին բոլոր պնդումները:

«Ես գնահատում եմ, որ Հայաստանում այդպիսի ընտրություն դեռ չէր եղել` մաքուր, թափանցին», - պնդեց Խլղաթյանի շտաբի պետ Սամվել Ավագյանը:

Հայ ազգային կոնգրեսը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել Արմավիրի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ` մասնավորապես, նշելով. - «Հօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարված համատարած խախտումները եւ կիրառված բռնությունները միայն լուծեցին վերեւից իջած հրահանգի կատարումը՝ թե ով պետք է դառնա քաղաքապետ»։

« Հայ Ազգային Կոնգրեսը, դատապարտելով վարչախմբի հերթական ապօրինությունները եւ բռնարարքները, իր զորակցություն է հայտնում ոստիկանական գործողություններից տուժածներին, ինչպես նաեւ իր պատրաստակամությունը հայտնում նրանց իրավական օգնություն ցույց տալու հարցում», - ասված է հայտարարությունում:։

Քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները հայտնի կդառնան շաբաթավերջին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG