Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Վստահ եմ, որ Ադրբեջանի բանակը ասելու է իր խոսքը Ղարաբաղյան կարգավորման մեջ»


Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում Ադրբեջանի կառավարության նիստում, Բաքու, 14-ը հունվարի, 2011թ.
Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում Ադրբեջանի կառավարության նիստում, Բաքու, 14-ը հունվարի, 2011թ.
«2010 թվականին մենք չկարողացանք առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Դրա պատճառը մեկն է` հայկական կողմը, կարելի է ասել, փորձում է խափանել բանակցությունները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Երկրի կառավարության` 2010 թվականի արդյունքներին նվիրված նիստում ուրբաթ օրը նա պնդել է, թե հայկական կողմը «փորձում է վերադառնալ ավելի վաղ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցված հարցերին, փորձում է ժամանակ ձգձգել»: «Մի խոսքով, մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում ազատել զավթած տարածքները, ձգտում է հնարավորինս երկար օկուպացման տակ պահել այդ հողերը: Եվ այդպիսով, դա օգտագործելով` Ադրբեջանից ստանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրենց ձեռնտու պայմաններ: Իսկ դա անհնար է», - հայտարարել է Ալիեւը:

«Հարցի լուծման համար Հայաստանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը զավթած հողերից: Դրանից հետո կարող է հաստատվել խաղաղություն», - ասել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել, թե «Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում ինքնավարության պայմաններում»: «Ինչպես եւ բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնտեղ նույնպես աշխատանքը պետք է կազմակերպվի ժողովրդավարական բոլոր սկզբունքների հիման վրա: Այդ շրջանակներից դուրս, որեւէ այլ ուղղությամբ հարցի լուծումը անհնար է: Ադրբեջանը չի համաձայնի դրան», - հայտարարել է նա:

«Մենք պետք է ձգտենք 2011 թվականին ավելի ամրապնդել մեր դիրքերը», - ասել է Ալիեւը` վստահեցնելով, որ անցած տարի միջազգային կազմակերպություններում «շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել տվյալ հարցով». - «Եվրախորհրդարանը ընդունեց շատ արդարացի բանաձեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Տվյալ հարցը քննարկվում է նաեւ միջազգային այլ կազմակերպություններում, եւ մեր դիրքորոշումը պաշտպանվում է: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ հարցով ընդունվեց շատ արժեքավոր, արդարացի բանաձեւ, որը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ պարոն Բարոզուի հետ համատեղ ասուլիսում արտահայտվեց Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական միության դիրքորոշումը տվյալ հարցով, այն է` Եվրոպական միությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Այսինքն, սրանք են հարցի լուծման միջազգային շրջանակները, եւ այն կարող է լուծվել միայն այդ շրջանակներում: Որեւէ այլ տարբերակ քննարկման թեմա չէ», - ասել է Ադրբեջանի նախագահը: - «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում: Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց այստեղ հիմնական դերը խաղում են միջազգային իրավունքի նորմերը»:

«Մյուս կողմից, եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, բանակցություններին զուգընթաց` մենք միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում բանակաշինությանը, հզորացնում ենք մեր բանակը: Թշնամին եւս դա գիտի եւ դողում է ահից: Նրանք նույնպես լավ գիտեն, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է ցանկացած պահի կործանարար հարված հասցնել թշնամուն: Եվ այդ հարվածի արդյունքում իրավիճակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանում կարող է զարգանալ լրիվ այլ ուղղությամբ: Ուղղակի մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սակայն մենք մեզ շատ վստահ ենք զգում», - հայտարարել է Ալիեւը:

Նշելով, որ այս տարի երկրի պաշտպանական ծախսերը գերազանցելու են 3 միլիարդ դոլարը, Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ միջոցների մեծ մասը կրկին ծախսվելու է զենքի, զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի գնումների վրա:

«Վստահ եմ, որ Ադրբեջանի ուժեղ բանակը պետք է ասի իր խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ եւ ասելու է, երբ ժամանակը գա», - հայտարարել է Ալիեւը կառավարության նիստի բացման խոսքում, որի տեքստը տեղադրված է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG