Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի մայրը պետությունների ղեկավարներին է դիմում օգնության կոչով


Էռնեստ Վարդանյան

Էռնեստ Վարդանյան

Մոլդովայի օգտին լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շաղոյանը երեկ օգնության խնդրանքով դիմել է Մերձդնեստի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված 5+2 ձեւաչափում ընդգրկված պետությունների ղեկավարներին:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Մերձդնեստի չճանաչված հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ինչպես նաեւ Մոլդովայում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Ֆիլիպ Ռեմլերին Թամարա Շաղոյանի հղած նամակում, մասնավորապես, ասված է. - «8-ամսյա մղձավանջից հետո տեղի ունեցավ սարսափելի, անհեթեթ եւ պարզապես զառանցագին հանգուցալուծումը` Մերձդնեստի գերագույն դատարանը որդուս` Էռնեստ Վարդանյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Համարում եմ, որ դրանով իսկ 30-ամյա լրագրող-քաղաքագետին, երկու մանկահասակ երեխաների հորը փաստացի զրկեցին կյանքից»:

Հայազգի լրագրողի մայրը Մերձդնեստի նախագահին խնդրում է վճռական աջակցություն ցուցաբերել Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու հարցում, իսկ պետությունների ղեկավարներին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` դրա համար ձեռնարկել բոլոր քայլերը եւ ջանքերը, օգտագործել քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է այս տարվա ապրիլի 7-ից:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG