Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին ընդունել է Բաշար ալ-Ասադը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սիրիայի նախագահը երկկողմ հարաբերությունների խորացման գործում բարձր է գնահատել այս տարվա մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ներկայիս այցը:

Բաշար ալ-Ասադը անգնահատելի է համարել սիրիահայ համայնքի դերը հայ - սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով եւ նշել, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել եւ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Սիրիայի նախագահը կարեւոր է համարել նաեւ տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն, եւ հայ ժողովրդի գոյատեւումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա եւ մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսեւորումներից է:

Ազգային ժողովի նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում, եւ Հայաստանը կարեւորում է հայ - սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը եւ խորացումը:

Անդրադարձ է եղել հայ - թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի:

Դամասկոսում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաեւ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ:

Այնուհետեւ հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Հալեպ, որտեղ հանդիպել է Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, նահանգային իշխանության անդամների հետ, մասնակցել հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, այցելել Հայոց առաջնորդարան, Ազգային պատսպարան. այս մանկատանը Հովիկ Աբրահամյանը նվիրատվություն է կատարել:

Այսօր պատվիրակությունը Հալեպից մեկնել է Դեյր Զոր եւ երեկոյան կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG