Մատչելիության հղումներ

Քննարկվեց «Հավաքների մասին» օրենքի նախագիծը


Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիրներին մտնել Ազատության հրապարակ: 1-ը նունիսի, 2010թ.

Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիրներին մտնել Ազատության հրապարակ: 1-ը նունիսի, 2010թ.

Երեքշաբթի օրը կազմակեպվել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մշակած «Հավաքների մասին» օրենքի նախագծի քննարկում:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նշեց, որ օրենսդրությունը բարեփոխելու գաղափարը ծնվել էր դեռեւս մայիսին` հավաքների ազատության վերաբերյալ իր արտահերթ զեկույցը հրապարակելուց հետո: Նրա խոսքով, խնդիրն այն է, որ օրենսդրության եւ գործնականում դրա կիրառման ընթացքում լուրջ խնդիրներ են ծագել, որոնք շարունակում են պահպանվել: Այդ հակասություններն ակնառու դարձան հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո:

«Այս նախագիծը կարող ենք համարել որպես [Մարտի 1-2- իրադարձություններն ուսումնասիրող] ժամանակավոր հանձնաժողովի կողմից առաջարկությունների իրականացման գործընթաց», - ասաց քննարկման մասնակիցներից Հայաստանի նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Կոստանյանը ասաց, որ գործող օրենսդրությունը «թույլ է տալիս որոշակի շեղումների իրավունքի երաշխավորման տեսանկյունից»:

Հաջորդ հարցին, թե առաջարկվող նախագիծը արդյո՞ք հնարավորություն տալիս է զերծ մնալ տարաբնույթ շեղումներից եւ կամայականություններից, Կոստանյանը, ով նաեւ Հայաստանի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, արձագանքեց. - «Նախագիծը ոչ միայն նպատակ ունի, այլեւ հենց կոչված է ամբողջությամբ իրականում իրավունքի երաշխավորմանը` միաժամանակ բացառելու համար պետության կամ պետական որեւէ մարմնի կողմից չարաշահման այնպիսի դեպքերը, որոնք կարող են հանգեցնել Եվրոպական դատարանում խախտման փաստի ճանաչմանը»:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ): Նա կարծում է, որ նախագիծն ունի նաեւ էական թերություններ:

Այսօր, օրինակ, ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են ՀԱԿ-ի համակիրների կազմակերպած 7-հոգանոց հավաքը:

Հարցին, թե արդյոք առաջարկվող բարեփոխումներից հետո էլ կարող են ծագել նման խնդիրներ, Մինասյանը պատասխանեց. - «Այո, նույն խնդիրները կարող են եւ ծագել այդ ժամանակ: Բավարար հստակության չկա նախագծում: Նախագիծը բավական դրական կողմեր ունի, սակայն այնպիսի նրբություններ, որոնք վերաբերում են կոնկրետ դեպքերին, դրանք նախատեսված չեն` գոնե ընդհանուր սկզբունքների տեսակետից»:

Պատգամավորը նշեց մի շարք թերություններ: Օրինակ, նախագծում հավաքների արգելման մասին դրույթը վերցված է Սահմանադրությունից, սակայն որոշակիացված չէ, ինչը կարող է այլեւայլ մեկնաբանությունների տեղիք տալ:

Կամ` նախագծում նշված է, որ եթե հավաքի մասին իրազեկելուց հետո լիազոր մարմինը սահմանված ժամկետում որոշում չի կայացնում, ապա կազմակերպիչն իրավունք ունի անցկացնել հավաքը: Սակայն, Մինասյանի խոսքով, նախագծում չկա որեւէ դրույթ, որ նման պարագաներում «ոստիկանությունը պարտավոր է չմիջամտել անցկացվող հավաքին»:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե նախագծում կան «հեղափոխական դրույթներ»:

«Գործող օրենքով` եթե մի չնչին իրավախախտում լինի, դա հիմք է, որպեսզի դադարեցվեն հանրահավաքները: Այս մեր օրենքով դա այլեւս հնարավոր չի լինի», - դրանցից մեկը ներկայացրեց Հարությունյանը:

Հայաստանում ամենից հաճախ մերժվել են Հայ ազգային կոնգրեսի իրազեկման հայտերը: ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի խոսքով, գրվել է «ամբողջովին նոր օրենք», որի մասին կարծիք եւ եզրակացություն են տվել JTZ գերմանական կազմակերպության փոխձագետները:

«Նրանք իրավունք եւ ազատություն ընկալող մասնագետներ են, սակայն օրենքը ընդունում է Ազգային ժողովը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ գերմանացի փորձագետների աջակցությամբ մշակված օրինագծերը այնուհետեւ խորհրդարանում ենթարկվում են փոփոխությունների, եւ «բացարձակ էական չի դառնում, թե նախագիծը ինչ քննարկումներ է անցել»:

Զեյնալյանը նաեւ նշեց, որ անգամ գործող օրենքը բավարար է հավաքներ անցկացնելու մարդու իրավունքը երաշխավորելու համար. առաջին հերթին իշխանությունների քաղաքական կամքն է պետք, որպեսզի երաշխավորվեն մարդու իրավունքները:

«Եթե իշխանությունները լինեն լեգիտիմ, վախենալու բան չունենան ժողովրդից, ինքը [իշխանությունը] այս ժողովների մասին օրենքից ոչ մի վախենալու բան չունի», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկած օրինագծի վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաեւ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության հարցերի եւ մարդու իրավունքների գրասենյակի) փորձագետները, որոնք, ի դեպ, մասնակցում էին այսօր վա քննարկմանը, դրականի կողքին նաեւ թերություններ են նշել:

Օրինագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվելու են: Իրենց եզրակացությունները կտան կառավարության, Ազգային ժողովի փորձագետներն ու իրավաբանները:

XS
SM
MD
LG