Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սկսեց պիկետը. արդեն կան բերման ենթարկվածներ


Երեքշաբթի առավոտյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սկսեց պիկետը «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը:

Ընդդիմադիր 4 երիտասարդներ, սակայն, գրեթե անմիջապես բերման ենթարկվեցին Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկվածներն են Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Ղազարյանը: Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման ենթարկվածները ժամը 19:00-ի դրությամբ դեռ ոստիկանության բաժանմունքում էին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համաժողովի մեկնարկելուն պես Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներ` «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն ամոթալի է Եվրոպայի համար», «Հանցագործություն կատարելը կամ հանցագործներին աջակցելը. ո՞րն է տարբերությունը», «Եվրոպա, մի սատարիր բռնակալներին», «Եվրոպա, դու թույլ ես տալիս այս ռեժիմին 12 քաղբանտարկյալներ պահել» բովանդակությամբ պաստառներ պարզած լուռ կանգնեցին Երեւան հյուրանոցի շենքի դիմաց:

Տարածքը հսկող երկու տասնյակ ոստիկաններից մի քանիսը մոտեցան եւ պահանջեցին հետ գնալ եւ կանգնել ոստիկանության տեղադրած արգելապատնեշից դուրս: Եվ երբ երիտասարդները փորձեցին պարզել, թե ինչու, ոստիկանները փորձեցին նրանց հրելով հեռացնել: Չենթարկվելով` երիտասարդները պառկեցին գետնին եւ պարզեցին պաստառները, սկսվեց հրմշտոց: Այնուհետեւ երիտասարդներին տարան ոստիկանության բաժին:

Լրագրողների հետ զրույցում Ոստիկանության պարեկապահակային գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը պնդում էր, որ իրենց պահանջն օրինական է. - «Ստեղծվել է անվտանգության գոտի, որպեսզի ֆորումի աշխատանքներն ընթանան նորմալ հունով եւ խախտում չլինի: Անվտանգության գոտուց ներս են մտել, որը չի կարելի: Միջազգային բոլոր միջոցառումների համար ստեղծվում են անվտանգության հատուկ գոտիներ: Մենք ուղղակի խնդրում ենք անցնել մյուս կողմ: Ի՞նչ տարբերություն: Ձեր ակցիան, ձեր պահանջներն ու բողոքները հանգիստ ներկայացրեք, ո՞վ է խանգարում»:

Դիտարկմանը, թե ինչո՞վ էին խանգարում անվտանգությանը ակցիայի մասնակիցները, որոնք լուռ կանգնած էին, Օսիպյանը արձագանքեց. - «Կապ չունի լուռ ... Առայժմ լուռ էին կանգնած, որովհետեւ քիչ էին... Աշխարհի բոլոր երկրներում է դա արվում, յուրաքանչյուր միջոցառման համար կա անվտանգության գոտի: Անվտանգությունը մենք ապահովում ենք»:

«Եթե ապօրինի են համարում ոստիկանի պահանջները, թող ենթարկվեն, հետո բողոքարկեն օրինական ճանապարհով, ոչ թե բռնություն գործադրեն ոստիկանի նկատմամբ», - հավելեց Ոստիկանության պարեկապահակային գնդի հրամանատարը:

Առաջիկա ժամերին կորոշվի` բերման ենթարկված երիտասարդները կձերբակալվե՞ն, թե՞ ազատ կարձակվեն: Ըստ նրանց տեսակցած փաստաբան Վահե Հովսեփյանի, ՀԱԿ-ի երիտասարդների նկատմամբ բռնություններ են կիրառվել նաեւ բերման ենթարկելիս: Շտաբ բուժօգնության ծառայություն է կանչվել` բուժօգնություն ցույց տալու նպատակով:

«Բերելիս, երբ մտցրել են ոստիկանության բաժանմունք, բռնություններ են գործադրվել 4 հոգու նկատմամբ: Տղաներից մեկի` Սարգիս Գեւորգյանի մեջքին վնասվածքներ կային` կարմրած եւ ուռած հետքերի տեսքով», - փոխանցեց փաստաբանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվածի կապակցությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն` պնդելով, որ բերման ենթարկված երիտասարդները «նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ` պատռելով նրա համազգեստը»: «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, որ պիկետ անցկացնող երիտասարդ ընդդիմադիրների վրա հարձակվել են ոստիկանները, «առանց որեւէ օրինական պահանջի եւ հիմնավորման բռնություն եւ ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ եւ նրանցից 4-ին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն, բռնություններն այնուհետեւ շարունակվել են նաեւ ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին եւ հենց ոստիկանության բաժանմունքում:»:

Չնայած այս միջադեպին` պիկետը շարունակվեց, եւ ընդդիմության ներկայացուցիչները եւս մի քանի ժամ պաստառներով կանգնեցին «Երեւան» հյուրանոցի դիմաց:



Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG