Մատչելիության հղումներ

Շփման գծում հերթական միջադեպի հետեւանքով երկու ադրբեջանցի է զոհվել


Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ

Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` «սեպտեմբերի 4-ին ժամը 06:50-ի սահմանում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ` Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կիլոմետր արեւելք, արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` Պաշտպանության բանակի մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների` նրանցից մեկը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական, մյուսը` սակրավորային վաշտի հրամանատար է», - հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:

«Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում` նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը` իր հերթին պնդելով, թե անցած գիշեր հայկական զինված ուժերն են հարձակվել Թարթառի շրջանի Չիլեբյուրտ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական ուժերի դիրքերի վրա` «ռեւանշի հասնելու օգոստոսի 31-ին հայկական կողմի կրած կորուստների համար»:

«Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական բանակի մի զինվոր զոհվել է, մեկը` վիրավորվել», - իր հաղորդագրությունում հայտնում է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը, հավելելով, որ ըստ նախնական տեղեկությունների` զոհվածի մարմինը գտնվում է հայկական կողմի մոտ:

Շաբաթ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ մահացել է նաեւ միջադեպի հետեւանքով վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված սպան` 34-ամյա Ահմեդ Աբդուլաեւը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաեւ փոխհրաձգության ընթացքում զոհված զինծառայողի անունը` 24-ամյա Ֆարիդ Ահմեդով:

Անցնող շաբաթվա ընթացքում սա հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ արդեն երկրորդ լուրջ ընդհարումն է:

Օգոստոսի 31-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում` Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում տեղի ունեցած զինված առճակատման արդյունքում զոհվել է 2, վիրավորվել` 7 ադրբեջանցի զինծառայող: Թեեւ ադրբեջանական կողմը հայտարարել էր նաեւ 3 հայ զինվորների զոհվելու մասին, սակայն Ղարաբաղի պաշտպանության բանակի հերքեցին այդ պնդումները` հայտնելով, որ հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով վերջին շրջանում շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի, եւ, մասնավորապես, շաբաթ օրը տեղի ունեցածի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հարցին, հայտարարել է. - «Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը: Այս անգամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքվում Ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց Ադրբեջանի ղեկավարությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը: Այն ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց այսօր»:

«Ժամանակն է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված Ադրբեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից», - ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG