Մատչելիության հղումներ

Էրդողանը Մինսկի խմբին մեղադրում է «անբարեխղճության» մեջ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի պետական TRT հեռուստատեսության եթերում, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանը ընդգծել է, որ Մինսկի խմբի ջանքերը արդյունավետ չեն։

«Եթե վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենա այսօրվա խնդիրները», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, թե Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանին «օկուպանտ» երկիր է ճանաչել, եւ եթե Մինսկի համանախագահ երկրները բավարար ճնշում գործադրեին Հայաստանի վրա, Հայաստանը «գրավյալ տարածքները» կվերադարձներ Ադրբեջանին եւ խնդիրը արդեն լուծված կլիներ։

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայում այժմ ապրում է 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, իսկ մնացած 100 հազարը Թուրքիայում բնակվում են ապօրինի։ - «Մենք սա չենք նկատում, քանի որ չենք ցանկանում ավելորդ խոչընդոտներ ստեղծել, սակայն Հայաստանը Թուրքիայի ջանքերին դրական պատասխան չի տալիս», - դժգոհել է Էրդողանը։

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը լուրջ չի վերաբերվում, եւ արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծել, որ Հայաստանը փորձում է ճշգրտումներ մտցնել դրանցում։

Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը ստորագրված արձանագրությունները ներկայացրել խորհրդարան, եւ միայն խորհրդարանը կարող է որոշել՝ վավերացնել դրանք, թե ոչ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս գա էրդողանի խոսքով՝ «գրավյալ տարածքներից»։ - «Ես անձամբ այս հարցում աջակցության խնդրանքով դիմել եմ ԱՄՆ-ի նախագահ Օբամային, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւին եւ վարչապետ Պուտինին։ Հայաստանը պետք է հաշվի առնի սա, որովհետեւ մենք կատարել են արձանագրությունների հետ կապված մեր պարտավորությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG