Մատչելիության հղումներ

logo-print

Հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող


Սահմանադրական դատարանի նիստը, 12-ը հունվարի, 2009

Սահմանադրական դատարանի նիստը, 12-ը հունվարի, 2009

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում:

Դատարանի որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը. - «Առաջին՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Դահլիճում ներկաները՝ հիմնականում ՀՅԴ-ի անդամները, արձագանքեցին՝ «Ամոթ», «Բոլորդ կատարածու եք» բացականչություններով», ինչին Գագիկ Հարությունյանը հակադարձեց. - «Փորձեք ուսումնասիրել, հետո արտահայտվել»:

Սահմանադրական դատարանը, թեեւ իր որոշման մեջ վերապահումներ չարեց, սակայն անդրադարձավ այն մտահոգություններին, որոնք բարձրաձայնել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրեց հետեւյալ «իրավական դիրքորոշումները», թե հայ-թուրքական արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ «չեն կարող վերաբերել եւ տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրությունները ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»:

Բացի այդ, հիշյալ արձանագրություններով ստանձնվող «երկու կոնկրետ պարտավորությունները՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել ընդհանուր սահմանը, ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն»: Արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները «միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում»:

Ըստ Սահմանադրական դատարանի՝ նշված արձանագրությունները «չեն լուծում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ»: Ուստի Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը «խարսխված կլինի երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա»:

Վերջապես, արձանագրություններում տեղ գտած դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն «Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»:

Այդ կետով ամրագրվում է, որ «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Ըստ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Սահմանադրական դատարանի ներկայացրած իրավական դիրքորոշումները «դրսի համար իրավական ուժ ունենալ չեն կարող». - «Այս բոլորը ուղղված է ներքին սպառման համար: Եթե ուզում ենք սա միջազգային իրավունքի տեսակետից ուժ ստանա, սա պետք է համապատասխան վերապահումով փոխանցվի թուրքերին»:

Ռուստամյանի կարծիքով, խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա. կա'մ Ազգային ժողովը պետք է փոփոխություններ կատարի Կանոնակարգում եւ փոփոխություններ կատարելու իրավունք ձեռք բերի, կա'մ նախագահ Սերժ Սարգսյանը ինքը այդ վերապահումները պետք է անի՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ այսօր ներկայացրած դիրքորոշումները:

«Նախագահը այդ հնարավորությունն ունի: Ես կարծում եմ, այս իմաստով, նախագահն ունի այս քայլը կատարելու պատմական առիթը», - ասաց Ռուստամյանը:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա արդյոք վերապահումներ կատարելու անհրաժեշտություն, արձագանքեց. - «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»:

«Ես արձանագրությունների մեջ նախապայմաններ չեմ տեսնում», - շարունակեց Շարմազանովը: - «Ավելին՝ առաջինը պետք է վավերացնի թուրքական կողմը, որը մշտապես խոսել է նախապայմանների եւ ուլտիմատումների լեզվով»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, թե Սահմանադրական դատարանը «ընդամենը կատարել է նախագահ Սերժ Սարգսյանի պարտադրանքը»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը «վաղուց է կայացվել», իսկ Դաշնակցության բողոքի ակցիաները «ձեւական բնույթ են կրում»:

«Մենք ունենք խամաճիկային ընդդիմություն, որը իբր թե բողոքում է, մենք ունենք խամաճիկային Սահմանադրական դատարան, որը արդեն գիտի ինչ է որոշելու, որովհետեւ որոշումը հրահանգով արդեն դրված է», - ասաց Զուրաբյանը:

Ցուցարարները Սահմանադրական դատարանի շենքի մոտ: 12-ը հունվարի, 2010 թ.:
Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ վաղ առավոտից հավաքված ցուցարարներին մոտեցավ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ առաջարկեց գնալ տուն:

Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե «իշխանություններին պետք է փոխել», Հովհաննիսյանը արձագանքեց. - «Շուտ է: Պայքարը առջեւում է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG