Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը սկսում է բողոքի միջոցառումները


Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը շաբաթ օրը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

Դրանց շրջանակում, ըստ տարածված հայտարարության, սեպտեմբերի 15-ին` ժամը 14։00-ին, Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության եւ արտգործնախարարության շենքների դիմաց, կսկսվի նստացույց եւ հացադուլ։ Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք։

«Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջե'լ հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում», - հայտարարում է ՀՅԴ-ն։

ՀՅԴ Գերագույն մարմնի քարոզչության պատասխանատու, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց, որ Դաշնակցությունը առաջիկա շաբաթներին ծրագրել է «իրականցնել ակտիվ գործունեություն»:

Նստացույցի եւ հացադուլի առաջարկը, ըստ Շահբազյանի, եղել է «կուսակցական ընկերների եւ համակիրների, տարբեր մարդկանց կողմից»:

«Մենք նպատակահարմար չենք գտել մերժելու այդ ծրագիրը, ընդունելի ենք համարել, որովհետեւ կարծում ենք, որ մտահոգությունը այնքան մեծ է, որ պետք է այն փարատելու համար, այն վերացնելու համար ցանկացած նման քայլի՝ քաղաքակիրթ պայքարի շրջանակներում, գնալ», - հավելեց նա:

«Մենք խնդիր ունենք մարդկանց ուշադրությունը սեւեռելու այս խնդրի վրա, նաեւ՝ կարողանալ անհրաժեշտ բացատրություններ, հիմնավորումներ ներկայացնել, որպեսզի խնդիրը առնվազն պարզ լինի», - շարունակեց նա: - «Մենք հույս ունենք, որ կարող ենք մեր քայլերով լուծել որոշակի խնդիրներ: Եթե ստացվի այնպես, որ մեր ջանքերը, այսպես ասած, մեծ արդյունք չեն ունենա, մենք կմտածենք հետագա քայլերի մասին»:

Հարցին, թե արտոնվա՞ծ են նախատեսվող միջոցառումները, Շահբազյանը պատասխանեց. - «Դիմել ենք եւ շատ շուտով պատասխան կստանանք: Բայց, ուզում եմ ասել, որ անգամ բացասական պատասխանի դեպքում մենք ետ չենք կանգնելու եւ մեր նախագծած միջացառումները իրականացնելու ենք»:

Օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել է իր մտահոգությունները:
XS
SM
MD
LG