Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն կրկին հնչեցնում է իր մտահոգություննները


Հրանտ Մարգարյան
Հրանտ Մարգարյան
Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեքշաբթի օրը կրկին հնչեցրեց կուսակցության մտահոգությունները անցած ամսվա վերջին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ:

Անդրադառնալով, մասնավորապես, պատմական հարցերը քննարկելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ դրույթին՝ Մարգարյանը նշեց, որ դրանով, փաստորեն, քննարկման առարկա է դառնում Ցեղասպանության հարցը, որը «արժանապատվության, արդարության, ինչպես նաեւ Հայաստանի համար անվտանգության հարց է»:

«Այս ձեւով առաջ գնալով՝ մենք ազգի պառակտման սկիզբն ենք դնում», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

Ավելին, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը՝ նա նախագահ Սերժ Սարգսյանին համեմատեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. - «Վախենամ, որ Սերժ Սարգսյանը անում է այն, ինչ որ կուզեր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ու թեեւ Դաշնակցությունը ժամանակին պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը, այսօր կուսակցությունը Սարգսյանի հրաժարականի պահանջ չի դնում՝ առայժմ բավարարվելով միայն արտգործնախարարի հրաժարականի պահանջով:

«Անշուշտ, նախագահը պատասխանատու է [երկրի արտաքին քաղաքականության համար], անշուշտ, մենք, արտգործնախարարի հրաժարական պահանջելով, դրանով նաեւ կեցվածք ենք ցույց տալիս նախագահի նկատմամբ», - պարզաբանեց Մարգարյանը: - «Սակայն նախագահի հրաժարական պահանջելը լրիվ ուրիշ խնդիր է, որը, իհարկե, բացառված չէ, տաբու չէ, կարելի է մի օր էլ հասնել նման եզրակացության, բայց այսօր նման եզրակացության մենք չենք հասել»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նախագահը գիտակցված է գնում այդ քայլերին, Մարգարյանը ասաց, թե նախագահը դա անում է «սխալ հաշվարկի» եւ «ճնշումների» արդյունքում:

«Ես չեմ կարծում, որ որեւէ հայ գիտակցաբար գնում է հայության շահերին դեմ: Ես դրան չեմ հավատում: Գործնական արդյունքի ակնկալիքը, դժվարությունները, որ առկա են, ներքին ճնշումները, ներքին ճնշումների եւ արտաքին ճնշումների կապը», - ասաց նա՝ հավելելով. - «Ես հավատացած եմ, որ դա վատությունից չէ գալիս, դա սխալ հաշվարկումից է գալիս»:

Դաշնակցությունը վտանգավոր է համարում նաեւ այն դրույթը, որով Հայաստանն ու Թուրքիան ճանաչում են այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքը: Մինչդեռ, որեւէ խոսք չկա ազգային ինքնորոշման սկզբունքի մասին:

Հրանտ Մարգարյանի համոզմամբ, այս դրույթի հետեւում թաքնված է Ղարաբաղի խնդիրը. - «Հետաքրքիր է. Թուրքիան ու Հայաստանը պայմանավորվում են այլ երկրների հողային ամբողջականությո՞ւն ճանաչել, դա չի՞ վերաբերում Ադրբեջանին, բա ինչի՞ն է վերաբերում... Ինչո՞ւ այդտեղ գրված չէ ազգային ինքնորոշման սկզբունքը»:

Նրա խոսքով, փաստաթղթի այս, ինչպես նաեւ մտահոգիչ մյուս դրույթները պետք է փոխոխվեն: Ընդ որում՝ Մարգարյանի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որոշումներ կայացնելիս նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատվությունը չպետք է կիսի Ազգային ժողովի հետ. խնդրի լուծմանը պետք է հասնել քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքնում:

«Եթե պատահի, որ չկարողանանք տեքստի մեջ փոփոխություն մտցնել, զորավոր «ոչ»-ի նկատմամբ, մեր կամքը արտահայտելու նկատմամբ չի կարող իշխանությունը անտարբեր լինել: Եթե անտարբեր գտնվեց ժողովրդի կամքի արտահայտության նկատմամբ, ինքը [իշխանությունը] իր կործանման ուղին կընդունի, ինքը կգնա ինքնասպանության: Բոլոր իշխանությունները, որ ժողովրդի կամքին դեմ են կանգնել, նրանք ոչնչացել են»:
XS
SM
MD
LG