Մատչելիության հղումներ

Պատգամավորները՝ Սուքիասյանի հրաժարականի մասին


Ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով իրենց կարծիքը հայտնեցին Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարության վերաբերյալ:

Խաչատուր Սուքիասյանը իր հրաժարականը պայմանավորել էր Ազգային ժողովի պատգամավորների «անսկզբունքային դիրքորոշմամբ» ու «անհասկալի քվեարկությամբ», ինչի արդյունքում չորս պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելությունից:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան. - «Երեւի եղել են շատ թվով պատգամավորներ, որոնց հետ Խաչատուր Սուքիասյանը գործնական կամ ընկերական հարաբերությունների մեջ է եղել եւ որոնք, բայց, կողմ են քվեարկել իր անձեռնմխելության դադարեցմանը: «Ժառանգություն»-ը բոլորիդ հայտնի է, որ դեմ է եղել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ասաց, որ իր վրա չի վերցնում Սուքիասյանի գնահատականները. - «Իմ վրա չեմ վերցնում: Ես տարբեր ժամանակ տարբեր ձեւի եմ քվեարկել Սուքիասյանին վերաբերող հարցերում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տեսակետը փոխանցեց նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը. - «Գագիկ Ծառուկյանը չի կատարել որեւէ քայլ, որի համար ինքը որեւէ մեկի առջեւ կամ պատասխանատվություն կրի, կամ զղջա այդպիսի քայլի համար»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ասաց. - «Քվեարկողներից մեկը այդ չորս պատգամավորներին [անձեռնմխելիությունից] զրկելու եղել եմ նաեւ ես: Ես չեմ համարում անսկզբունքային: Ես հիմա էլ գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության մեկ այլ անդամ՝ գործարար Ռուբեն Հայրապետյանը Սուքիասյանի հայտարարության կապակցությամբ ասաց, թե անսկզբունքային համարում է հենց վերջինիս. - «Մենք ունենք սկզբունք եւ պահել ենք մեր սկզբունքները միշտ»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի համար, մինչդեռ, Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը «հարգարժան է». - «Ես շատ եմ ափսոսում ու ցավում եմ մեր որոշումների ու մեր իրականության մեջ տիրող ձեռագրի, պատեհապաշտության, կրկնակի ստանդարտների, սիտուացիոն լուծումների համար: Ես հիշում եմ այն համոզումը, որով դատախազը միջնորդագիր էր ներկայացնում: Այդ պատկերի ու գրեթե տարիուկես տւեած փախուստից հետո զարմանալի եւ տարակուսելի է նաեւ այն թեթեւությունը, որով փոխվում է Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոցը: Իսկ արդյունքում մարդկանց ճակատագրերն ենք խեղում, դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության անհավատությունն ենք խորացնում եւ նաեւ մեր երկրի միջազգային վարկն ենք փորձության ենթարկում: Մարտի մեկն ու դրան հաջորդած դեպքերը մեզ դեռ շատ ու շատ հետեւությունների առիթ պետք է տան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG