Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը բավարարեց 4 պատգամավորներին որպես մեղադրյալներ ներգրավելու դատախազի միջնորդությունը


Ազգային Ժողովն այսօր բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Խաչատուր Սուքիասյանի դեպքում կողմ քվեարկեց 85, դեմ 22 պատգամավոր, Հակոբ Հակոբյանի դեպքում՝ կողմ 84, դեմ 20, Մյասնիկ Մալխասյանի դեպքում՝ կողմ 84, դեմ 22, Սասուն Միքայելյանի դեպքում՝ կողմ 86, դեմ 20 պատգամավոր:

Հարցի քննարկման սկզբին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր ներկայացրեց, որում, մասնավորապես, ասված է. - «Փետրվարի 29-֊ին ՀՀ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի համախոհները նախապատրաստվում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1֊-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ եւ այդ նպատակով Ազատության հրապարակում ընթացող նստացույցի մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ հրազեն եւ նռնակներ»:

Ըստ միջնորդագրի, զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է 8 անձ, 165 մարդ, որից 117֊-ը ոստիկաններ եւ զինծառայողներ, ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ:

4 պատգամավորները մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի 225֊-րդ հոդվածի երրորդ եւ 300-֊րդ հոդվածի առաջին մասերով՝ զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են սպանությամբ եւ իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ:

Պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ձերբակալված էին մինչեւ այսօրվա նիստը, Խաչատուր Սուքիասյանն ու Սասուն Միքայելյանը, դատախազի բնորոշմամբ, թաքնվում են:

Մյասնիկ Մալխասյանը, իսկ ավելի ուշ նաեւ Հակոբ Հակոբյանը, հարցի քննարկմանը ներկա էին:

Իր ելույթում Հակոբ Հակոբյանը, հիշեցնելով, որ ինքը Ղարաբաղի պատերազմին է մասնակցել եւ վիրավորվել, ասաց. - «Բոլորը լավ գիտեն, որ թե' Հայաստանում, թե' Ղարաբաղում, երբ լարված իրավիճակ է եղել, ես փորձել եմ հանդարտեցնել, վերացնել լարվածությունը»:

Նա ավելացրել է, որ վերջին շրջանում էլ նույնն է արել՝ կանխելով, իր բնորոշմամբ, սադրանքները: Իսկ շաբաթ երեկոյան նման բազում միջադեպեր հարթելուց ու կանխելուց հետո գնացել է տուն, քանի որ ոտքի վրա այլեւս չէր կարողանում կանգնել:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ փաստաբանից հրաժարվել է, որովհետեւ անմեղ է, ու համաձայն է քննության, քանզի ցանկանում է, որ ամեն ինչ պարզվի:

Մյասնիկ Մալխասյանն իր ելույթում ասաց, որ հրապարակներում պատգամավորների կողմից բռնության կամ վիրավորանքի դրսեւորումներ չեն եղել: Նա պնդեց, որ բողոքի գործողությունների կազմակերպիչ եւ նախաձեռնող չի եղել, ընդամենը մասնակցել է հանրահավաքների, որտեղ իր ելույթները եղել են հավասարակշռված:

Ազգային ժողովի այսօրվա նիստում ելույթներ ունեցան միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավոր դատախազի միջնորդագիրը որակեց որպես «քաղաքական հատվածական փաստաթուղթ»` ասելով, թե այս հարցը հասարակության մեջ «վիհը ոչ թե կբուժի, այլ կխորացնի»:

Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ խորհրդարանը դատարան չէ, այս հարցն էլ՝ քաղաքական շահարկումների հարց չէ, այլ պետք է հնարավորություն տա ողբերգության բոլոր մանրամասները բացահայտելու:

«Այսօր շատ կարեւոր է, թե ովքեր են մեղավորները: Եվ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է ամենայն խստությամբ պատժվեն մեղավորները»,֊ - ասաց Տիգրան Թորոսյանը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG