Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով հետախուզական աշխատանքները «նոր թափ են ստանում»


Հայաստան -- Ոստիկանության զորքերը հսկում են Ազատության հրապարակի մուտքը, 17-ը մարտի, 2011թ/
Հայաստան -- Ոստիկանության զորքերը հսկում են Ազատության հրապարակի մուտքը, 17-ը մարտի, 2011թ/
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանձնարարական է տվել Մարտի 1-ի գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումներ անցկացնել:

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած լսումների ժամանակ այդ մասին տեղեկացրեց ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ոստիկանության համակարգի աշխատակիցների շրջանում կատարվում են նոր հարցաքննություններ դեպքի առնչությամբ:

Նախորդ շաբաթ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել:

«Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը: Ոստիկանության մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու եւ այլ հանգամանքներ պարզելու հետ կապված կա նաեւ արդեն ոստիկանության պետի համապատասխան հանձնարարականը», - հայտարարեց Արթուր Օսիկյանը: - «Այս ուղղությամբ աշխատանքները նոր թափ են ստանում, եւ կարծում եմ, այս առումով արդեն իսկ պատշաճ կերպով ծառայություններ ենք իրականացրել»:

Ոստիկանապետի տեղակալը մասնակցում էր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ:

Քննարկումներին Արթուր Օսիկյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն ունի կամք` կառույցում բարեփոխումներ իրականացնելու համար:

«Ի՞նչ քայլեր են արվել ոստիկանության գործողությունների համաչափության պահպանման ուղղությամբ անօրինական հավաքները, ցույցերը ցրելու գործում», - հարցրեց Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը:

Արթուր Օսիկյանը ներկայացրեց մի քանի նորամուծություն, որը ոստիկանությունը պարտավոր է իրականացնել արտակարգ իրավիճակներում: Օսիկյանի խոսքով, այդ նպատակով հատուկ ուղեցույցներ են մշակվելու ոստիկանների համար: Հասարակական կարգի պահպանության ժամանակ տարընթերցումներից խուսափելու համար, հատկապես ընդդիմության հանրահավաքների եւ երթերի դեպքում, ոստիկանությունը նախատեսում է դրանց ողջ ընթացքը տեսանկարահանել:

«Նախատեսվել է, որ ոստիկանության զորքերի ծառայողները` որպես բացառիկ միջոց կարող են գործածել ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները եւ այլն: Անգամ եթե կա հասարակական կարգի խախտում կամ խախտման փորձ, ոստիկանը պետք է փորձի համոզել, բանակցել եւ այդ ճանապարհով կանխել որոշակի հետեւանքները: Այս դրույթը նախկինում չկար, դա վերցրել ենք ՄԱԿ-ի համապատասխան ուղեցույցներից եւ ԵԱՀԿ ժողովրդավարական ուղեցույց-ձեռնարկից», - ասաց Օսիկյանը:

Նա հավաստիացրեց, որ հստակեցվել են նաեւ հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի գործադրմանն առնչվող հարցերը:

«Այսուհետ ցանկացած հատուկ միջոց, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր կլինի` տեխնիկական բնութագրերի հիման վրա, ուղղակի չի ներառվի մեր սպառազինության ցանկի մեջ», - ասաց Օսիկյանը` հավելելով, որ այդ նպատակով անգամ հատուկ ուղեցույցեր են մշակվելու եւ բաժանվելու հայ ոստիկաններին:

Մարտի 1-ի իրադարձությունն ուսումնասիրած նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխոստիկանապետի հայտարարություններին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախկին օրենսդրությունն էլ առանց վերջին բարեփոխումների, մի շարք քայլեր էր նախատեսում, որոնք այդպես էլ թղթին գրված մնացին 2008 թվականի մարտի մեկին: Քոչարյանի խոսքով` մարտի 1-ի առավոտից իրականացվել է տեսագրություն, որը չի ներկայացվում հանրությանը, հարկադրաբար ցրվել է ցույցը, որի մասին ցուցարարներին տեղյակ չի պահվել, որը օրենքի պահանջ էր, մարտի 1-ի երեկոյան օգտագործվել են հատուկ միջոցներ, որոնց կիրառումից առաջ զգուշացում չի եղել:

«Երբ հիմա արդեն բացահայտվում է ամեն ինչ, նրանք սկսում են խոսել ինչ-որ բարեփոխումների մասին», - ասաց Քոչարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG