«Առավոտ»-ը գրում է. - «Իրավապաշտպանները, որոնք պիտի որ չեզոք լինեին, հայտնվել են քաղաքական տարբեր բեւեռներում»: Հոդվածագրի դիտարկմամբ` «2008-ի նախագահական ընտրությունները դարձան յուրօրինակ «լակմուսի թուղթ» ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ իրավապաշտպանների համար»: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, «ջրբաժանն ու բեւեռացումը կատարվեց ոչ միայն իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ ընդհանրապես` շատ այլ հասարակական կազմակերպությունների եւ նաեւ ԶԼՄ-ների միջեւ, շատ քիչ մնացին հասարակական կազմակերպություններ, որոնք ո’չ այս կողմ անցան, ո’չ էլ այն կողմ»: Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը, իր հերթին, ասել է. - «Լինել իրավապաշտպան` չի նշանակում անպայման լինել ապաքաղաքականացված: Ցանկացած մարդ, այդ թվում եւ իրավապաշտպանը, կարող է ունենալ իր քաղաքական կողմնորոշումները: Այլ բան է, որ իրավապաշտպանը պետք է կարողանա, հարկ եղած դեպքում, պաշտպանել իր քաղաքական կողմնորոշումները չկիսող եւ տվյալ պահին պաշտպանության կարիք ունեցող մեկին: Ցավալի է, բայց փորձը ցույց տվեց, որ մեր իրավապաշտպանները չեն կարողանում վեր կանգնել իրենց քաղաքական կողմնորոշումներից»: