Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է՝ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպում է նախապատրաստվում


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ․
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ․

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրների՝ գագաթնաժողովը պլանավորված է հունիսի վերջերին:

Կրեմլը հաստատում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու համար:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է. - «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ կկայանան»:

Պեսկովն ասել է, որ հաստատվելու դեպքում, այդ մասին տեղեկատվություն կտրամադրվի:

«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրները, հաղորդում է, որ եռակողմ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պլանավորված է անցկացնել հունիսի վերջերին Սանկտ Պետերբուրգում:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, թե Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Բյուլբյուլօղլին նշել է. - «Կարծում եմ, հունիսին հանդիպումը կկայանա: Մեզ համար դա շատ կարևոր է, որովհետև, ինչպես ակնկալվում է, այդ հանդիպմանը պետք է որոշվեն այն ուղենիշերը, որոնցով կընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա զարգացումը»:

Միաժամանակ, նա հայտարարել է, թե Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է, և այն փոփոխությունների կարիք ունի: Բյուլբյուլօղլին ասել է, թե Ադրբեջանը սպասում է, որ Ռուսաստանը կակտիվացնի միջնորդական ջանքերը։

«Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում և ձգտում է լուծել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Այդ մասին բազմիցս հայտարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», - ասել է Բյուլբյուլօղլին՝ բարձր գնահատելով նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Նա նշել է, որ Մեդվեդևի նախագահության շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 11 հանդիպում է անցկացվել:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դիրքորոշման մասին ադրբեջանցի դիվանագետն ասել է. - «Ռուսաստանը անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և շատ հարցերում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական պայմանագրով Ռուսաստանի դաշնակիցն է: Հայաստանը նաև որպես լիարժեք անդամ միացավ ԵՏՄ-ին և, իհարկե, Ռուսաստանը չի կարող անտեսել Երևանի շահերը»:

Նա հույս է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությամբ, ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր արդարացի լուծումը:

Ադրբեջանցի դիվանագետը, մեկ անգամ ևս ընդգծելով Ռուսաստանի դերակատարությունը, ասել է, թե բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած այցելության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջնահերթությունը պատկանում է Ռուսաստանին:

«Ես մեծ հույսեր ունեմ, որ նախագահների հունիսյան հանդիպումը կխթանի այդ ձգձգված հակամարտության արդարացի կարգավորմանը», - ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Նշենք, որ Բյուլբյուլօղլին այս մասին խոսել է Մինսկ - Բաքու հեռուստակամուրջի ընթացքում:

Հիշեցնենք, ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ուժեղ բախումներից հետո, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մայիսի 16-ին հանդիպեցին Վիեննայում: Հանդիպման արդյունքների մասին նաև հաղորդվում էր, որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG