Թուրքիան արգելափակել է մուտքը Instagram

Թուրքիայում արգելափակվել է մուտքը Instagram։

Ըստ Hurriyet-ի՝ նման որոշում է կայացրել Թուրքիայի տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհուրդը՝ չնշելով պատճառները և թե որքան ժամանակով է արգելափակվում սոցիալական ցանցը։

Թուրքական լրատվամիջոցները որպես արգելափակման հավանական պատճառ նշում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի քննադատությունն ուղղված Instagram-ին ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան առիթով ցավակցական գրառումներն արգելափակելու համար։

«Սա գրաքննության ակնհայտ փորձ է։ Մենք կշարունակենք պաշտպանել խոսքի ազատությունը», - X-ում գրել է Ալթունը՝ սոցցանցին մեղադրելով գլոբալ շահագործական կարգին ծառայելու և անարդարության համար։

«Մենք աջակցելու ենք մեր պաղեստինցի եղբայրներին և քույրերին ամեն հնարավոր դեպքում և յուրաքանչյուր հարթակում», - գրել է քաղաքական գործիչը։

Հանիեին սպանվել է Թեհրանում հուլիսի 31-ին, որտեղ նախօրեին մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սպառնալիքներն էր ուղղել Իսրայելին՝ նշելով․ - «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մուտք գործեցինք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք Իսրայելի հետ անել»։

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն էլ արձագանքելով Էրդողանի հայտարարությանը՝ նրան համեմատել էր Սադամ Հուսեյնի հետ։

«Էրդողանը շարժվում է Սադամ Հուսեյնի հետքերով։ Նա ևս սպառնում էր գրոհել Իսրայելը։ Հիշեք սակայն, թե ինչ տեղի ունեցավ և ինչով ավարտվեց այդ ամենը», - նշել է Կացն՝ իր գրառումն ուղեկցելով Էրդողանի՝ պաղեստինամետ հանրահավաքի և Սադամ Հուսեյնի՝ ձերբակալության ժամանակ արված լուսանկարներով։»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Ինչպես Ղարաբաղ մտանք, այդպես էլ Իսրայել կմտնենք»

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է Գազայի հատվածում պատերազմը շարունակելու մասին