Ըստ IRI նախընտրական հարցման՝ ՔՊ-ն առաջատարն է

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հարցվածների 32 տոկոսը ձայն կտար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», վկայում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակած հարցումը: Միաժամանակ, քվեարկությանը մասնակցելու հստակ մտադրություն ունեցող քաղաքացիների շրջանում այդ ցուցանիշը 38 տոկոս է։

Հարցումներն անցկացվել են 1511 անձանց շրջանում։

7 տոկոսն ասել է, որ կընտրի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը, 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, 2 տոկոսը՝ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, որի ղեկավարը Գուրգեն Սիմոնյանն է, ևս երկու տոկոսը պատրաստակամություն է հայտնել քվեարկելու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին։ 1-ական տոկոսներ ունեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը, ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ 2 տոկոսը հայտնել է, որ ունի այլ թեկնածու։ Միաժամանակ, հարցվածների ծանրակշիռ մասը՝ 43 տոկոսը, հրաժարվել է բացահայտել իր թեկնածուին կամ ասել է, որ դեռ չի որոշել։ 81 տոկոսն ասել է որ վստահ է իր որոշած թեկնածուի հարցում, 8 տոկոսն էլ ասել է՝ բավարար չափով վստահ է, բայց հնարավոր է՝ փոխի իր թեկնածուին մինչ ընտրության օրը։

Հարցվածների 34 տոկոսն ասել է, որ ընտրությունները միանշանակ կլինեն ազատ ու արդար, 37 տոկոսը՝ հավանաբար ազատ ու արդար։

Ո՞ր քաղաքական գործչին եք ամենաշատը վստահում հարցին, 29 տոկոսը պատասխանել է՝ Նիկոլ Փաշինյան, 9 տոկոսը՝ Սամվել Կարապետյան, 5 տոկոսը՝ Արարատ Միրզոյան, 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյան։ Այս տարվա փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Փաշինյանի վստահությունն ավելացել է 9 տոկոսով, իսկ Սամվել Կարապետյանինը՝ նվազել 1 տոկոսով, նույն չափով նվազել է նաև Ռոբերտ Քոչարյանինը։

Ըստ հարցման՝ «Քաղաքացիական պայմանագրի»-ն ամենաքիչը պատրաստ են ընտրել երիտասարդները, միևնույն ժամանակ, 56 տարեկանից բարձր անձանց շրջանում ամենաշատն են կազմել ՔՊ-ի ձայները։ Սա վերաբերում է նաև հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին են վստահում հարցման մասնակիցները։ Նրանց միայն 15 տոկոսն է տվել Նիկոլ Փաշինյանի անունը, իսկ 56 տարեկանից բարձր անձանց՝ 45 տոկոսը։

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, 28 տոկոսը՝ սխալ։ Փետրվարյան հարցման համեմատությամբ երկրի ճիշտ ուղղության կողմնակիցների թիվն աճել է 14 տոկոսով, իսկ սխալ ուղղությամբ գնալու մասին կարծիք ունեցողիների թիվը նվազել է 13 տոկոսով։

Հարցվածների 17 տոկոսը Հայաստանի ամենամեծ խնդիրը համարում է անվտանգային, սահմանային հարցերը։ Փետրվարին այս թիվը 21 տոկոս էր։ Հարցվածները երկրորդ ամենամեծ խնդիրը համարել են տնտեսությունն ու գործազրկությունը, այդպես է պատասխանել հարցվածների 15 տոկոսը նախորդ 18-ի փոխարեն։ 10 տոկոսը լուրջ խնդիր է համարել բարձր գները:

Հարցվածների 39 տոկոսը պատասխանել է՝ ամենակարևոր արտաքին քաղաքական գործընկերը Ֆրանսիան է։ Փետրվարին այս թիվը 27 էր։ 35 տոկոսը որպես ամենակարևոր քաղաքական գործընկեր է դիտարկում Ռուսաստանին, որի այս ցուցանիշը փետրվարին 43 էր։ ԱՄՆ-ին ամենակարևոր գործընկեր է համարում հարցվածների 27 տոկոսը, փետրվարին այս թիվը 42 էր։ Եվրամիությանը ամենակարևոր քաղաքական գործընկեր է համարում հարցվածների 34 տոկոսը։ ՀՀ-ի ամենամեծ սպառնալիք էլ դիտարկում են առաջին հերթին Ադրբեջանին, ապա Թուրքիային և Ռուսաստանին։

Միջազգային հանրապետական ինստիտուտի այս հարցումն առանձնացել է նաև հարցմանը պատասխանող քաղաքացիների թվի սակավությամբ։ Օրինակ, եթե հարցմանը պատասխանող անձանց թիվը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 37 տոկոս էր, այժմ այդ թիվը նվազել ու հասել է 16-ի, այսինքն հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը հարցերին պատասխաններ չի տվել՝ այդ թվում թեկնածուների նախապատվության առումով։

Բացի այդ, ՄՀԻ-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կմասնակցեք, հարցվածների 92 տոկոսը պատասխանել է, որ կմասնակցի, որոշ չափով հավանական է, որ կմասնակցի ընտրությանը։ 2021-ին այս թիվը 72 տոկոս էր։