Ղրղըզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»

Ղրղըզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից», - հաղորդում է AFP գործակալությունը։ Ղրղըզստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ավիաընկերությունները «սև ցուցակից» դուրս բերելու մասին պաշտոնական Բիշքեկին տեղեկացրել են ԵՄ տրանսպորտային գերատեսչությունից՝ հատուկ նամակով։

«Սա պատմական իրադարձություն է և մեծ հաղթանակ, որը նոր հեռանկարներ կստեղծի մեր երկրում ավիացիայի զարգացման համար», - հայտարարել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմը։

Ղրղըզստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ընդգրկվել էր 2006 թվականին՝ թռիչքների անվտանգության ապահովման հետ կապված Բրյուսելում առկա մտավախությունների պատճառով։