ԵՄ ութ երկրների արտագործնախարարները նամակով դիմել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ առաջարկելով սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը Շենգենյան գոտում։
Չեխիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արևմտյան լրատվամիջոցներին փոխանցել է, որ արտգործնախարարները նամակում, մասնավորապես, պարզաբանել են, թե կասկածներ ունեն, որ ռուս դիվանագետների ազատ տեղաշարժը դյուրացնում է «վնասակար գործունեության» իրականացումը։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին նախօրեին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է, որ նամակն ուղարկվել է Բորելին՝ նշելով, որ առաջարկվող միջոցառումն անհրաժեշտ է, քանի որ ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների տեղաշարժը Շենգենյան գոտու երկրներ «համակարգ է ստեղծում» անօրինական գործունեության համար։
AFP գործակալությունը, որն ունի նամակների պատճեն, նշում է, որ խոսքը, մասնավորապես, «հետախուզական գործունեության, քարոզչության և նույնիսկ դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մասին է»։
Ըստ AFP-ի՝ ԵՄ ութ երկրների արտգործնախարարները Բորելին ուղղված նամակում ընդգծել են սահմանափակող միջոցների հրատապ ընդունման անհրաժեշտությունը։
Նամակը ստորագրել են Նիդեռլանդների, Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Չեխիայի արտգործնախարարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն քննարկում է ռուս դիվանագետների ազատ տեղաշարժն արգելելու հարցով Չեխիայի առաջարկը