Հայաստանի անկախության 27-ամյակը շնորհավորել են Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և այլ պետությունների ղեկավարներ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների ղեկավարներից շնորհավորական հեռագրեր ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող բարեփոխումների քաղաքականության շարունակման մեջ և հավաստիացնում, որ իմ երկիրն այդ հարցում հետայսու ևս սիրով կանգնած կլինի Ձեր կողքին», - ասված է Գերմանիայի նախագահի ուղերձում:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է. - «Հայաստանին ու Իտալիային միշտ միավորել է բազմադարյա ավանդույթ ունեցող բարեկամությունը, որը հիմնված է միասնական արժեքների և մեր ժողովուրդների արգասավոր փոխգործակցության վրա: Դա է մեր երկրների միջև ամուր և հնարավորություններով լի համագործակցության հիմքը, որը միաժամանակ խրախուսում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ երկխոսությունը»:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա: «Ավելին, լիահույս եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հետ համագործակցությունը դինամիկ զարգացում կապրի` գլխավորապես հաշվի առնելով Արևելյան գործընկերությունն ու շրջանակային համաձայնագիրը, որը հաջողվեց ստորագրել Բրյուսելում կայացած գագաթնաժողովին անցյալ տարի», - նշել է նա:

Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան, Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: