Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին՝ կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին: