Երեկ Ուկրաինայում Չեռնոբիլի աղետի զոհերի հիշատակի արարողություններ են տեղի ունեցել։
Նախագահ Պետրո Պորոշենկոն ծաղկեպսակ է դրել աղետի զոհերի հուշահամալիրում։
1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցած ջերմային պայթյունների արդյունքում մթնոլորտ էր արտանետվել ռադիոակտիվ նյութերի հսկայական ծավալ։ Աղետի հետևանքով ռադիոակտիվ աղտոտման էր ենթարկվել 2 հազար 300 բնակավայր՝ շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։
Ուկրաինայում Չեռնոբիլի աղետից տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի, որոնցից 1 միլիոնը՝ երեխաներ։