ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ժամանում է Բաքու

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը այսօր ժամանում է Բաքու։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունից։

Ադրբեջանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում Մորնինգսթարի թեկնածությունը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է հուլիսի վերջին։

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր անցյալ տարվա դեկտեմբերից, երբ մեկ տարի առաջ նախագահ Բարաք Օբամայի կողմից Սենատի շրջանցմամբ նշանակված դեսպան Մեթյու Բրայզան ավարտեց իր առաքելությունը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզայի թեկնածությունը արգելափակել էին հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը, եւ դիվանագետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո Սենատը այդպես էլ չհաստատեց նրա նշանակումը։