Երեւան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը համանախագահների հետ

Այսօր Երեւան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան:

Նույն օրը միջնորդներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են «մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները»:

Նույն աղբյուրի վկայությամբ` տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ: