Նախագահական ընտրություններում ռուսաստանցիների 40 տոկոսը ձայնը կտա Պուտինի մատնանշած թեկնածուին

Եկող տարվա մարտին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում ընտրողների ավելի քան 40 տոկոսը նախապատվությունը կտա ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի մատնանշած թեկնածուին` առանց հաշվի առնելու, թե ով կլինի եւ ինչ արժանիքներ կունենա տվյալ գործիչը: Այդ են վկայում վերջին հարցումների արդյունքները:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, խնդիրն այն է, որ չկա այնպիսի ժառանգորդ, որին Պուտինի շրջապատը վստահի, ընդ որում, խոսքը նաեւ կանխատեսվող թեկնածուների` առաջին փոխվարչապետներ Սերգեյ Իվանովի եւ Դմիտրի Մեդվեդեւի մասին է:

Մասնավորապես, քաղաքագետ Վլադիմիր Պրիբիլովսկին ասում է. - «Նրանք միմյանցից վախենում են. նրանք մարդ են փնտրում, ում կարելի է վստահել թագը: Նրանք բոլորը վստահում են Պուտինին, Պուտինի օրոք բոլորի համար լավ է, սակայն նրանք չգիտեն, թե ինչ կլինի նրա ժառանգորդի օրոք»:

Ուղիղ 8 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 9-ի առավոտյան, Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը վարչապետի պաշտոնում նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Պուտինին` դրանով իսկ ցույց տալով, որ ընտրել է այն թեկնածուին, ում ցանկանում է փոխանցել նախագահական աթոռը:

Պուտինը Սերգեյ Ստեպաշինից վարչապետի պաշտոնը ընդունեց հետեւյալ խոսքերով. - «Սերգեյ Վլադիմիրովիչն ու ես զինվորական մարդիկ ենք: Նախագահը որոշում է կայացրել, եւ մենք պետք է կատարենք այն»:

Ելցինը հրաժարական տվեց նույն տարվա վերջին` նախագահի պարտականություները դնելով Պուտինի վրա: 2000 թվականի մարտին Պուտինը ընտրվեց նախագահ. ռուսաստանցիների համար մեծ նշանակություն ունեցավ գործող նախագահի կամքը, ընտրությունը, թե ում փոխանցի նախագահական աթոռը:

«Խավարը արեւածագին. ռուսական հանցավոր պետության ստեղծումը» գրքի հեղինակ Դավիդ Սաթերը ասում է. - «Նախադեպը ահավոր է, որովհետեւ յուրաքանչյուրը մտածում է, թե իշխանությունը փոխվում է այսպիսի մեթոդների օգնությամբ: Եվ չեն բացառվում նման շահարկումներ 2008 թվականի ընտրություններից առաջ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա