Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Անկարային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար։
«Մենք երախտագիտությամբ ենք ընդգծում մեր թուրք ընկերների կամքը` նպաստելու ճգնաժամային իրավիճակների լուծմանն, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված», - ասել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով նաև Ֆիդանին բանակցային գործընթացին աջակցելու, ուկրաինական բանակցությունների հարցով ստամբուլյան հարթակը տրամադրելու համար։
Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան պատրաստակամություն է հայտնում հյուրընկալել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ռուս-ուկրաինական բանակցությունները։
«Պատերազմի սկզբից ի վեր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ պատերազմն ավարտվի բանակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել խաղաղության համաժողովը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը», - ասել է Էրդողանը։