Մատչելիության հղումներ

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց


Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

«Այս համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա, սա նաև իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Հիմա կարևորը դրա իրագործումն է և կյանքի կոչումը, որպեսզի հնարավորություն ունենանք օգտվել դրա ընձեռած բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, ինչպես նաև կշարունակենք հետևել՝ ինչպես են այս համաձայնություններն իրագործվում», - հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին։

«Համաձայնագիրը նաև աջակցում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ընդգծեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, հայտարարեց. - «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում։ Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների»։

«Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար», - ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ - «Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա։ Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը և, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի»։

Նալբանդյանը նաև կարևորեց, որ «համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության»։

Փաստաթուղթը, հիշեցնենք, նախաստորագրվել էր այս տարվա մարտի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG