Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց փողոցը կոչել Նեմցովի անունով


Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում, տեղական իշխանությունները մտադիր են Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց փողոցը կոչել նախագահ Պուտինի հայտնի ընդդիմախոս, Մոսկվայում երկու տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի անունով:

«Սա հարգանքի տուրք է հանուն ժողովրդավարության պայքարող այդ գործչին և հիշեցում Ամերիկայի դավանած արժեքների մասին», - The Washington Post-ին ասել է քաղաքային խորհրդի անդամ, դեմոկրատ Մերի Չեն՝ ընդգծելով, - «Նեմցովը հերոս էր, սակայն հայրենիքում, իհարկե, նրան հերոս չեն համարում»:

Ամիսներ առաջ Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը Բորիս Նեմցովի սպանության համար մեղավոր ճանաչեց մի խումբ չեչենների:

Ընդդիմադիրներն ու հարազատները, մինչդեռ, վստահ են՝ Կրեմլից քիչ հեռու իրականացված հանցագործության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ ազատության մեջ:

Նեմցովի պատվին ԱՄՆ-ում փողոց անվանակոչելու առաջարկն ի սկզբանե ներկայացրել էր սենատոր, Ֆլորիդայից ընտրված հանրապետական Մարկո Ռուբիոն՝ այդ մասին օրինագիծ դնելով շրջանառության մեջ:

«Բորիս Նեմցով Պլազան» մշտապես կհիշեցնի Պուտինի վարչակազմին ու Ռուսաստանի ժողովրդին, որ այլախոհների տեսակետներն անմահ են, և որ ազատության պաշտպաններին անհնար է լռեցնել», - հայտարարել էր Մարկո Ռուբիոն Նեմցովի սպանության երկրորդ տարելիցին՝ հավելելով. - «Սա կդառնա հստակ ազդանշան առ այն, որ Միացյալ Նահանգները կանգնած է բոլոր այն ռուսաստանցիների կողքին, ովքեր պայքարում են հանուն իրենց երկրի ժողովրդավարության ու ազատության»:

Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ Սենատն ու Վաշինգտոնի քաղաքային խորհուրդն առաջին անգամը չեն փորձում փողոցների անուններով հանդիմանել կամ ուղերձ հղել այս կամ այն երկրի իշխանություններին:

1984 թվականին, օրինակ, Միացյալ Նահանգների Սենատը որոշել էր ռուսական նախկին դեսպանատան հանդիպակաց փողոցը կոչել ռուս այլախոհ, հայտնի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անունով:

Հիմա էլ հանրապետական սենատոր Թեդ Քրուզն է փորձում Չինաստանի դեսպանատան հարակից փողոցը կոչել չինացի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոյի անվամբ, ով հանուն ժողովրդավարության տևական պայքարից հետո այս տարի մահացավ չինական բանտում՝ շուրջ տասը տարի շարունակված կալանքից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG