Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել բանակցությունները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017 թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017 թ․

ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել բանակցությւոնները ղաաբաղյան խնդրի շուրջ և խուսափել իրավիճակի հետագա սրացումից:

Այսօր Բրյուսելում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով կարգավորվել․ - «Այսօր մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը մտահոգության առիթ է: Հստակ է, որ այստեղ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և ես ուրախ եմ լսել, որ դուք վերսկսել եք բանակցությունները Հայաստանի նախագահի հետ: Մենք քաջալերում ենք ձեզ շարունակել բանակցային կարգավորման այդ ճանապարհն ու խուսափել իրավիճակի նոր սրացումներից»:

Ադրբեջանի նախագահը շրջանցել է բանակցությունների շարունակման ու հրադադարի պահպանման հորդորները՝ վերստին պնդելով, թե խնդրի կարգավորումը ձգգվում է հայկական կողմի պատճառով․ - «Տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկարգավորված համամարտությունն է: Տարիներ շարունակ մեր տարածքները գտնվում են հայերի օկուպացիայի տակ: Ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստական ու բռնի տեղահանված, նրանց դեմ էթնիկ զտումներ են իրականացվել: Եվ այդ իրավիճակը չի փոխվում: Ցավոք սրտի, Հայաստանն ուզում է պահել ստատուս քվոն, որքան հնարավոր է երկար՝չնայած Մինսկի նախագահների հայտարարություններին, թե դա անընդունելի է»:

Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հրավիրված Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում Ալիևը կրկին հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի կողմից ընդունված բանաձևերն ու պնդել, թե հայկական կողմը պետք է հետևի դրանց ու անհապաղ, առանց նախապայմանների դուրս բերի ուժերը գրավյալ տարածքներից․ - «Խնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի այդ բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջ աշխարհն է ճանաչում»:

Ադրբեջանի նախագահն այսօր Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին:

Ղարաբաղյան խնդրից բացի կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:

«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու՝ զինվորներով, տարանցման հարցերով ու ֆինանսկաան միջոցներով օժանդակելու համար», - հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարն ու հատուկ ընդծել, որ Ադրբեջանը որոշել է նաև ավելացնել իր զինվորների թիվն Աֆղանստանում:

Ալիևն իր հերթին պնդել է, որ առաջիկայում օժանդակությունն ավելի արդյունավետ է լինելու․ - «Ես տեղեկացրի գլխավոր քարտուղարին, որ Ադրբեջանը իր հարևանների հետ հաջողությամբ ավարտին է հասցրել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարությունը, որը կդառնա Ասիան և Եվրոպան կապող ամենակարճ երթուղին՝ հնարավորություն տալով, որ Աֆղանստանին մատակարարումները ևս դառնան առավել մատչելի և արդյունավետ»:

Ալիևի բրյուսելյան այցին զուգահեռ, այս օրերին ՆԱՏՕ-ի փորձագետներն ու բարձրաստիճան զինվորականները հանդիպումներ են անցկացնում ու դասախոսություններ կարդում Բաքվում՝ Ադչբեջանի զինված ուժերում: Կառույցի գլխավոր քարտուղարն այսօր Ալիևին հորդորել է հավելյալ ջանքեր գործադրել անվտանգության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ՝ հատկապես առանձնացնելով կոռուցիայի դեմ պայքարի թեման․ - «Մենք հորդորում ենք ձեզ ակտիվացնել անվանգության ոլորտի բարեփոխումները և ազատորեն կիրառել մեր ծրագրերը, որոնք կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG