Մատչելիության հղումներ

Քոչարյան․ Երևանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եթե Բաքուն վերացնի շրջափակումը


Պաշտոնական Երևանը կողջունի Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը կամ դիտորդի կարգավիճակ ստանալը, եթե Բաքուն վերացնի Հայաստանի շրջափակումը ու դադարեցնի թշնամական գործողությունները, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ադրբեջանի ԵՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամ պետությունը պետք է որևէ քայլեր չձեռնարկի ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության։ Դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևի մոտենալ Եվրասիական տնտեսական միությանը, նա պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի։ Իսկ, եթե մենք խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան, որ ինքը շրջափակում է Հայաստանը, ակնհայտ է, որ դրանք գործողություններն են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետության շահերի», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Դրա համար Եվրասիական տնտեսական միությանը միանալը, կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի հետ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը»։

Նոյեմբերի 20-ին՝ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ԵՏՄ-ին՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը վերաբերող հարցին, ասել էր․ - «Եվրասիական տնտեսական միությունը հանդիսանում է ինտեգրացիոն բաց միություն: Որևէ մեկին չենք հարկադրում անդամակցել այդ կազմակերպությանը: Ներկայում քննարկվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցության հարցը: Դիմումներ ենք ստանում նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Շատ ուրախ կլինենք Ադրբեջանին ևս տեսնել այդ կառույցում»:

Բաքվից Լավրովը ժամանել էր Երևան, և այստեղ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի:

Հայաստանի փոխարտգործնախարարին այսօր խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ են նշանակում Ռուսաստանի արտգործնախարարի այդ խոսքերը:

«Դե բոլորս հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, առավել ևս որ կողմերից մեկի դիրքորոշումը գիտենք ինչպիսինն է։ Այդ պայմաններում, բնական է, Բաքուն անում է ամեն ինչ, որ ստատուս քվոն պահպանի», - ասաց Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե ինքն է՞լ է այդ կարծիքին, որ բանակցությունները շուտ չեն ավարտվի, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Գիտեք խնդիրն ինչում է կայանում, եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինեն ոչինչ, կամ, եթե դրվում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ պատերազմ, բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել, ու այնքան ժամանակ, քանի Բաքվի դիրքորոշումը չի փոխվել, ուրեմն առաջընթաց չի լինի»։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Բրյուսել, այդ թվում՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Սպասվում է, որ վաղը Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի ու Եվրոպական միության միջև կստորագրվի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր այս մարտին՝ Երևանում:

Մյուս կողմից, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով:

«Ազատության» տեղեկություններով, փաստաթղթի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է՝ բացառությամբ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին առնչվող մասի: Երկու տարի առաջ, կրկին ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելուց:

Լրագրողների հարցերին, թե ի վերջո, Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրվելո՞ւ է համաձայնագիրը, Շավարշ Քոչարյանը հորդորեց ևս մեկ օր սպասել. - «Եկեք էս մեկ օրն էլ սպասեն, մեկ օր է մնացել, բոլոր հարցերի պատասխանը կլինի։ Հռչակագիրն այլ հարց է, այնտեղ դեռ բանակցային փուլում է։ Ես մի բան կարող եմ նշել, որ ինքնին այդ [Հայաստան-Եվրամիություն] համաձայնագիրը պարունակում է դրույթ կապված ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, և այդ ստորագրումը համենայն դեպս ապագայում նմանատիպ հարցերը կհանի, այս փուլում դեռևս բանակցություններ են գնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG