Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստն անցավ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում


«Սասնա ծռերի» գործով դատական նիստում, արխիվ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստում, արխիվ

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների այսօրվա դատական նիստն անցավ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում: Երբ զինված խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին կալանքից ազատ արձակելու հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելիս դատախազ Արամ Արամյանը նրան ներկայացրեց որպես ամբաստնյալ, խմբի մեկ այլ անդամ Արամ Մանուկյանն առարկեց՝ հորդորելով չօգտագործել այդ բառը։ Ի պատասխան՝ մեղադրող դատախազն ասաց․ «Արա, դու ձենդ կտրի»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Արթուր Օհանյանին հորդորեց զսպել մեղադրող կողմին, մինչդեռ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ առանց իր թույլտվության խոսելու համար։ «Չեք զսպում մեղադրողներին, մենք արդեն ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս ասացինք, որ դուք կաշկանդված եք մեղադրողների կողմից»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը դիմեց դատարանին, հայտարարելով՝ իրենք ապստամբներ են, ոչ թե հանցագործներ: «Դուք քաղաքական պատվեր եք կատարում, խայտառակում եք դատական համակարգը, դատավոր կոչվելու իրավունք չունեք: Այս 26 տարիների ընթացքում դուք ոչնչացրել եք ամեն ինչ, մենք այստեղ ենք, «Սանսա ծռերս», հիմա մեզ վրա զանազան հոդվածներ եք դրել: Մենք կատարել ենք ամբստամբություն նրա համար, քանի որ դուք չեք կատարել այն ամենը, որ պետք է կատարեք։ Ձեր արածների և չարածների համար մենք ենք պատասխան տալիս, մեր հայ ժողովուրդն է պատասխան տալիս»,- ասաց Արամ Մանուկյանը։

11 ամբաստանյալների՝ այդ թվում Արամ Մանուկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ փաստաբանները պնդեցին՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը չեն կարող այս նիստին մասնակցել, քանի որ լիազորագիր չունեն։ Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց՝ «Սասնա ծռերի» գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից մեկուկես ամիս առաջ վարույթների բաժանելուց հետո դատախազությունը պարտավոր էր լիազորագրեր տալ նրանց։

Դատավոր Արթուր Օհանյանը, մինչդեռ, ասաց, թե իր մոտ է գտնվում այս գործի նյութերի պատճենները, այդ թվում նշված դատախազների լիազորագրերի պատճենները, որոնք նրանց տրվել են դեռ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից գործը քննելու ժամանակ։ Այդուհանդերձ, դատավորը մերժեց՝ բացարկ հայտնել դատախազներին։ Արթուր Օհանյանը մերժեց նաև իր ինքնաբացարկի միջնորդությունը։ Այն ներկայացրել էր փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ առաջարկելով հրաժարվել այս գործի քննությունից: Նրա պնդմամբ՝ դատախազները մի քանի րոպեի ընթացքում կարող էին լիազորագրեր ներկայացնել, մինչդեռ դա չեն արել: Շուշանյանի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ դատախազներն արհամարհական վերաբերմունք են դրսևորում, իսկ դատարանն էլ կախում ունի մեղադրողներից։

«Մեղադրողների դիրքորոշումից կախված դատարանը չի կարող համարվել անաչառ դատարան Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի իմաստով»,- ասաց Շուշանյանը: Նրան միացան գործընկերներն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները։ Զինված խմբի կազմում գունդը գրաված Վարդան Գերավետյանն էլ հայտարարեց, թե դատավորը կաշկանդված է։ «Այստեղ դատավարություն չի կարող լինել, դուք ձեր խիղճը կազատեք, եթե հրաժարվեք գործից, ներքուստ զգում եմ դա»,- ասաց Գերավետյանը: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG