Մատչելիության հղումներ

Էրդողանը խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ին՝ ենթադրյալ թշնամիների պաստառներում իրեն և Աթաթուրքին պատկերելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգին, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգին, արխիվ

Հյուսիատլանտյան դաշինքից բացի, Թուրքիայի ղեկավարը նաև ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին է խիստ քննադատության ենթարկել:

Պաշտոնական Անկարան անակնկալ կերպով ետ է կանչել իր զինվորներին Նորվեգիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններից, նախագահ էրդողանի խոսքով՝ այնտեղ տեղի ունեցած սկանդալային մի միջադեպի պատճառով: Ռեջեփ էրդողանի պնդմամբ, մասնավորապես, դաշինքը վարժանքներից առաջ զինվորների ենթադրյալ թշնամիների պատկերներով պաստառներ է պատրաստել, որոնցում հայտնվել են նաև իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի մեծադիր լուսանկարները:

«Նրանք թշնամիների նկարներով ստենդներ են դրել, որոնց վրա պատկերված են Աթաթուրքն ու ես: Ինձ այդ մասին տեղեկացրեցին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիկը: Նրանք ասացին, որ ուզում են դուրս բերել մեր զինվորներին Նորվեգիայից: Ես ասացի՝ անմիջապես, առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու, ետ կանչեք նրանց: Սա դաշնակցային վերաբերմունք չէ, այսպիսի դաշինք չի կարող լինել»,- վրդովված հայտարարել է էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը ժամեր անց պաշտոնապես ներողություն է խնդրել միջադեպի համար: «Դա մեկ մարդու անձնական որոշման արդյունք էր, և չի արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետը»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ պնդելով, թե կատարվածի շուրջ քննություն է ընթանում՝ մեղավորներին պարզելու համար: Ռազմական դաշինքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն անմիջապես հանել է «ենթադրյալ թշնամիների» ցանկից, ինչը սակայն, չի ազդել թուրքական կողմի դիրքորոշման վրա: «Միևնույն է՝ մենք չենք մասնակցի այդ վարժանքներին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Վերջինս, ի դեպ , իր կուսակիցների հետ հանդիպմանն այսօր հյուսիատլանտյան դաշինքից բացի նաև ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին է խիստ քննադատության ենթարկել: «Ամերիկացիների խոսքը գործին չի համապատասխանում»- ասել է Թուրքիայի առաջնորդը, հավելելով՝ թեև Վաշինգտոնում վարչակազմ է փոխվել, սակայն Թրամփի օրոք էլ Անկարային մտահոգող հարցերը չեն լուծվել: «Միացյալ Նահանգները մեզ շատ է հիասթափեցրել: Նրանք այդպես էլ չկատարեցին սիրիական ճգնաժամի մեկնարկից հետո Թուրքիային տված խոստումները: Ինչպես Բարաք Օբամայի օրոք, այնպես էլ հիմա Ամերիկան աջակցում է Սիրիայի քրդերին, ինչն անընդունելի է մեզ համար»,- բողոքել է Էրդողանը:

Անկարան ահաբեկիչներ է համարում Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հռչակած քուրդ զինյալներին, պնդելով, թե նրանց դեմ պետք է կատաղի պայքար մղել: Միացյալ Նահանգները, մինչդեռ, ոչ միայն անտեսում է թուրքական կողմի այս հորդորները, այլև արդեն քանի տարի է՝ զենք-զինամթերք է տրամադրում քրդական ջոկատներին՝ համագործակցելով նրանց հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ավելի վաղ թուրք պաշտոնյաները խոստովանել էին՝ Վաշինգտոնը խոստացել էր, թե որոշակի խնդիրներ լուծելուց հետո քրդերն ի վերջո ետ են քաշվելու, մինչդեռ իրականում նրանք ավելի ու ավելի են ամրապնդվում Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում:

Քրդերի անցանկալի առաջխաղացումը կասեցնելու համար անցած ամիս թուրքական զինուժը մտավ Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Այսօր էլ Էրդողանը պաշտոնապես տեղեկացրել է՝ պատրաստվում են «ազատագրել» նաև քրդերի վերահսկողության տակ գտնվղո սիրական Աֆրին շրջանը: «Աֆրինը պետք է մաքրվի ջիհադիստներից, հակառակ դեպքում այնեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ի հայտ կգան: Մենք արդեն տեսել ենք այս սցենարը և չենք ուզում, որ դա կրկնվի: Խնդիրը, որը մենք կարող ենք հեշտությամբ լուծել որպես դաշնակիցներ, մտել է փակուղի՝ ամերիկացիների համառության պատճառով»,- նաև ասել է Էրդողանը:

Ավելին, Թուրքիայի ղեկավարը նաև հեգնանքով է խոսել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին՝ վերստին պնդելով, թե ամերիկացիներն իրականում աջակցում են ահաբեկիչներին: «Ձեր այդ պայքարը միայն թերթերի վերնագրերում է, իրականում դուք հսյակական գումարներ եք տրամադրում «Իսլամական պետությանը»,- դիմելով Վաշինգտոնին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից ընդամենը մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահը մեկնելու է Սոչի, որտեղ Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ քննարկելու է սիրիական ճգնաժամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG