Մատչելիության հղումներ

Իսրայելում քրեական գործ է հարուցվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության դեմ


Իսրայելցի զինվորը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ
Իսրայելցի զինվորը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Իսրայելի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկրի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններից մեկի` անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ:

Մի քանի ամիս առաջ այս ընկերությունը հայտնվել էր աղմկալի սկանդալի կիզակետում: Օգոստոսին իսրայելական Haaretz պարբերականը հաղորդել էր, որ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

Իսրայելական մեկ այլ պարբերական էլ` Maariv-ը, գրում էր, որ Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ թվով երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defense Systems-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով ևս գտնվում էր Ադրբեջանում, ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է», - օգոստոսին գրում էր Maariv-ը:

Այժմ ահա, այդ հրապարակումներից շուրջ երեք ամիս և Հայաստանի արտգործնախարարի` Իսրայել կատարած այցից ընդամենը մեկ շաբաթ անց, երկրի ոստիկանությունը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ՝ պնդելով․ - «Հետաքննվում են Aeronautics Defense Systems ընկերության` խոշոր պատվիրատուներից մեկի հետ կնքված գործարքի հանգամանքները»: Թեև Իսրայելի ոստիկանությունը չի հստակեցնում այդ «խոշոր պատվիրատուի» անունը, բայց և այնպես, տեղական լրատվամիջոցների մեծ մասը վստահ է, որ խոսքը Ադրբեջանի մասին է:

«Aeronautics Defense Systems-ի գործը այժմ գտնվում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության վարչության վարույթում: Հետաքննության մասին առաջին տեղեկությունները սկսեցին շրջանառվել երկուշաբթի օրը: Դատարանի հատուկ վճռով, սակայն, նախաքննության նյութերի հրապարակայնացումը առժամանակ սահմանափակվել է», - գրում է Times of Israel-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հետաքննությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին` հայկական դիրքերի վրա իրականացված հարձակման մասին առաջին տեղեկությունների ի հայտ գալուց մի քանի շաբաթ անց:

Haaretz-ի տեղեկություններով` հետաքննության ընթացքում ոստիկանները կուսումնասիրեն նաև Իսրայելի պաշտպանության նախարարության գործողությունները: Թերթը նաև հիշեցնում է, որ Իսրայելի ռազմական գերատեսչությունը դեռ օգոստոսի վերջին էր հետ կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը:

Թերթի տեղեկություններով, Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները հերքում են հայկական դիրքերի դեմ իրականացված հարձակման մեղադրանքները` պնդելով, թե «ընկերությունն իր արտադրանը երբեք կենդանի թիրախների վրա չի ցուցադրում»:

Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները, սակայն, նշել են, թե պատրաստ են համակողմանիորեն գործակցել նախաքննական մարմինների հետ` «անելով հնարավորը, որպեսզի հետաքննությունն արագորեն ավարտին մոտենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG