Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ունենա ավելի մեծ ու կայուն աճ. ԱԶԲ փոխնախագահ


Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այս տարվա համար Հայաստանում կանխատեսել էր 2.2 տոկոս տնտեսական աճ, այնուհետև վերանայել է իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԱԶԲ-ի փոխնախագահ Վենչայի Ջանը՝ նշելով, որ այս թիվն էլի համեմատաբար ցածր է։

Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է ունենա ավելի մեծ ու կայուն աճ։ «Կարող եմ ասել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կունենանք երկրների նոր գործընկերության ռազմավարություն՝ 2019-2023 թվականների համար, այնպես որ փորձում ենք սատարել երկրի առաջնահերթությունները զարգացման բարեփոխումների համար՝ հատկապես մասնավոր հատվածում։ Այժմ ՀՆԱ-ի աճը համեմատաբար ցածր է, հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Ասիական զարգացման բանկը սկզբից կանխատեսում էր 2.2 տոկոսի աճ այս տարվա համար, այնուհետև վերանայեց իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ Հայաստանում, որն էլի համեմատաբար ցածր է։ Կարծում եմ՝ պետք է ունենալ ավելի մեծ ու կայուն աճ, իսկ ավելի կարճաժամկետ կտրվածքով, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել նաև մակրոտնտեսական կայունությանը», - ասաց ԱԶԲ փոխնախագահը։

Վենչայի Ջանի խոսքով՝ այժմ Ասիական զարգացման բանկը փորձում է խրախուսել բարեփոխումները և աջակցել հատկապես առանցքային ենթակառուցվածքներին, որպեսզի հիմքեր ստեղծվեն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ավելի ուժեղ, ավելի կայուն, ավելի ներառական աճի համար։

«Իհարկե մենք կփորձենք աջակցել բարեփոխումների այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, քաղաքաշինություն, սոցիալական ոլորտի համար ծրագրերի, նույնիսկ գյուղատնտեսական ոլորտի համար ծրագրեր, բայց միևնույն ժամանակ սատարում ենք այնպիսի բարեփոխումները, ինչպես արդեն նշել եմ, ֆինանսական շուկան, հանրային հատվածի արդյունավետության բարձրացումը և նույնիսկ սոցիալական ոլորտում կրթության և առողջապահության բարեփոխումները, մասնավոր հատվածի միջավայրի բարելավումը», - ասաց Վենչայի Ջանը։

Նշենք, որ Վենչայի Ջանը Հայաստան էր ժամանել անցած շաբաթ։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Վենչայի Ջանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG