Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյանը զինծառայության մասին օրինագիծը համեմատում է «բոլորին ճիպոտով բանակ քշելու» հետ


Իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն սեփական զավակներին առաջնագիծ ուղարկելու և փոխարենը բանակի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրները փորձում են լուծել «բոլորին ճիպոտով բանակ քշելու միջոցով»՝ «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով, ուսանողների փողոցային պայքարի պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքական ուժերը` նախևառաջ իշխող մեծամասնությունը, այդպես էլ չկարողացան պատշաճ կերպով արտահայտել ողջ հանրության շահերը զինվորական տարկետման սահմանափակման այս գործընթացում:

«Իրականության մեջ բոլորը կտրված են հասարակությունից և հեռու են հասարակության ամենատարբեր շերտերի խնդիրները ներկայացնելու ոչ միայն իրավունքից, այլ նաև ցանկությունից», - կարծիք հայտնեց Սաֆարյանը: - «Իշխող վերնախավը իրեն համարում է միանգամայն հաղթանակած բոլոր ընտրություններում, և ինչպես ցանկանում՝ այդպես էլ լուծում է տալիս խնդրին առանց այդ դաշտի կարգավորման տակ ընկնող հատվածի կարծիքը լսելու»:

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Օրինագծին դեմ արտահայտվողները պնդում են, որ սա կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Արդեն չորրորդ օրն է՝ հարյուրավոր ուսանողներ դասադուլ են անում զինվորական տարկետման այդ սահմանափակման դեմ:

«Իշխանությունը ազնվություն չունի բացահայտ հայտարարելու, որ ինքը անզոր է ազդեցիկ մարդկանց երեխաներին օրենքի շրջանակներում բանակ և առաջնագիծ տանելու հարցում և փորձում է այս կերպ՝ ուղղակի տոտալ վերացնելով այդ տարկետման իրավունքը, գնալ այս լուծման», - ասում է փորձագետը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունը անհրաժեշտություն է, սակայն այն բավարար չէ՝ պետք է լուծվի պետական տարբեր մարմիններում առկա կոռուպցիոն ռիսկերի խնդիրը, որի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ կարողանում են խուսափել զինված ուժերից:

«Մենք այնպես պետք է անենք, որ ընդհանուր անվստահությունը բոլոր տեղերում գնա, ինչը նշանակում է, որ իշխող կուսակցությունը մի կետում փոփոխություն բերելով որևէ հարց չի լուծելու, որովհետև ինքն է ձևավորել այսօրվա անվստահության մեխանիզմը», - նշեց Պողոսյանը: - «Հիմա՝ դիցուք վաղը այս օրենքը չեղավ, ի՞նչ ենք ունենալու, կրկնողությո՞ւնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG