Մատչելիության հղումներ

Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ քայլերին․ Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Պաշտոնական Մոսկվան ԱՄՆ-ում գործող ռուսական լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող քայլերին ի պատասխան նույնպես քայլեր կձեռնարկի, «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում եմ, որ մեր ժողովրդի համբերությունն արդեն սպառվել է, և պատասխան քայլերը կլինեն արդեն եկող շաբաթ», - ասել է Զախարովան։

Երեկ ավելի վաղ «Ռաշա Թուդեյ» (Russia Today, RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ ստիպված են ԱՄՆ-ում գրանցվել որպես արտասահմանյան գործակալ, հակառակ դեպքում չեն կարող այնտեղ աշխատել։

Ըստ Սիմոնյանի, Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պահանջել է, որ «Ռաշա Թուդեյ»-ը մինչև նոյեմբերի 13-ը ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը որպես արտասահմանյան գործակալ գրանցվելու համար։

«Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը նաև հայտարարել է, որ դիմելու են դատարան, քան որ ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջը, ըստ Սիմոնյանի, արդարացի չէ և հակասում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին։

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ արտասահմանյան գործակալի մասին օրենքը Միացյալ Նահանգներում տարբերվում է Ռուսաստանում գործող օրենքից և չի խոչընդոտում լրատվամիջոցի աշխատանքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը քննարկել է Ռուսաստանում ամերիկյան լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն»-ի գործունեությունը սահմանափակելու հարցը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն ընդգծել է, որ «Ռաշա Թուդեյ»-ն ավելի լայն հնարավորություններ ունի Միացյալ Նահանգներում, քան «Ազատություն» ռադիոկայանը՝ Ռուսաստանում։

«Բացի այդ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները հետապնդվել են Ռուսաստանում, ոմանց նկատմամբ նույնիսկ ուժ է կիրառվել։ Միացյալ Նահանգներում, մինչդեռ, նման որևէ միջադեպ ռուսական լրատվամիջոցի լրագրողների նկատմամբ չի արձանագրվել», - ասել է Թոմաս Քենթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG