Մատչելիության հղումներ

«Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին


Բնապահպանների պնդմամբ՝ հերթական հետաքննությունը փաստում է, որ Թեղուտի հանքավայրում չեն պահպանվում բնապահպանական նորմերը, իսկ կառավարությունը դրա վրա կրկին աչք է փակում։

«Շատ բարձր ռիսկեր կան կոռուպցիոն, որոնք մենք ունենք պետական համակարգում: Սա սկսվում է դրանից, որ ակնհայտ չի վերահսկվում գործունեությունը: Այդ հարցով և՛ գիտնականները, և՛ հասարակական կազմակերպությունները անմիջապես դիմում են վարչապետին՝ բացարձակապես արձագանք չկա», - այսօր հայտարարեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Ոչ մի բան այնտեղ չի կատարվում: Դա նշանակում է, որ մեր պետական համապատասխան մարմինները հրաժարվում են վերահսկողություն կատարել Թեղուտի հանքավայրի տարբեր խախտումների վերաբերյալ», - հավելեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Լոռու մարզի Թեղուտի հանքը կրկին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգի հոդվածից հետո։ Լրագրողը պնդում է, որ Թեղուտի պոչամբարից արտահոսող թափոնաջրերը խնդիրներ են ստեղծում շրջակա գետերի ու հատկապես Դեբեդի համար: Իսկ հանքը շահագործող «Վալլեքս գրուպին» պատկանող Ալավերդու պղնձաձուլարանում պահպանված չեն բնապահպանական տարրական նորմերը։

Հրապարակումից հետո Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» իր կայքում հրապարակել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն դոլարի չափով վարկը։

«Վալլեքսից» հերքում են, որ ընկերությունը դանիական պետական արտահանման վարկավորման գործակալությանից վարկ է ստացել: «Ազատության» հետ զրուցել ընկերությունից հրաժարվեցին՝ նշելով, որ պաշտոնական հարցման դեպքում գրավոր պատասխան կուղարկեն։

Մինչ այդ բնապահպանները պնդում են, թե «Վալլեքսն» անպատիժ խախտում է օրենքներ, աղտոտում բնությունը, չի կատարում հատած անտառների կրկնակիի չափով ծառեր տնկելու պարտավորությունը, հիմա էլ ցանկանում է մեծացնել արդյունահանման ծավալները:

Ինգա Զարաֆյանը․ - «Տարեկան 15 միլիոն տոննա, դա շատ մեծ թիվ է: Բնակիչներն ասում են՝ դուք իրավունք չունեք ավելացնել և նոր պրոետներ մեզ ներկայացնել, մինչև չվերացնեք այն վնասները, որ արդեն հասցվեց մեզ»:

Արմեն Սաղաթելյանի համոզմամբ, թե՛ Թեղուտի, թե՛ Ամուլսարի դեպքում բնապահպանության նախարարությունը ձևական փորձաքննություններ է անցկացրել․ - «Խոշոր ծրագրերը պետք է անցնենք գիտական փորձաքննություն։ Ըստ էության գիտական փորձաքննություն ոչ մի խոշոր ծրագիր չի անցնում, այսինքն՝ տենց խնդիր կառավարությունը չի դնում: Իսկ բնապահպանական փորձաքննությունը ունի ֆորմալ տեսք»:

Հնչած մեղադրանքների առնչությամբ «Ազատությունը» պարզաբանում խնդրեց Բնապահպանության նախարարությունից։ Մերժեցին՝ պատճառաբանելով, թե իրավասու մասնագետը զբաղված է։

Քննադատության թիրախում է շարունակում մնալ «Լիդիան» ընկերությունը, որը նախատեսում է 2018-ից շահագործել Ամուլսարի ոսկու հանքը։

Արմեն Սաղաթելյանի պնդմամբ, ընկերությունը թաքցնում է առկա հիմնական ռիսկերը․ - «Առաջինը, որ այնտեղ կա թթվային դրենաժ, որը ընկերությունը հերքում էր և՛ մամուլում, և՛ պաշտոնական գրություններում: Էսօր էլ ճար չունեն, ընդունել են, որ կա: Սա նոր էկոլոգիական գործոն է, որի մասին փորձաքննության փաստաթղթում չի գրված»:

«Լիդիան Հայաստանի» կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը հակադարձում է, թե 2016 թվականի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում խնդիրը քննարկված է։

Բնապահպանենրի հաջորդ մտահոգությունը արդյունահանման ժամանակ սնդիկի հնարավոր արտանետումներն են․ - «Հատուկ սարքավորումներ կան, հատուկ պրոցես, որտեղ սնդիկը «բռնելու ենք», և պահվելու է հատուկ տարաներում, մինչև կուտակվի, հասցվի համապատասխան քանակի, որը հետաքրքիր կլինի ինչ-որ տնտեսվարող սուբյեկտի»:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, Ամուլսարի շահագործումը սպառնում է ամբողջ Հայաստանին․ - «Ամուլսարը սպառնում ա մեր հետագա քաղաքականությանը՝ որպես քաղցրահամ ջրերի տեր էս տարածաշրջանում»:

Բնապահպաններին հատկապես անհանգստացնում է ոսկու հանքի շահագործման հետևանքով ստորգետնյա ջրերի և Սևանի աղտոտման հարցը:

«Լիդիանի» մասնագետի հավաստմամբ, բոլոր ռիսկերը հաշվարկված են, հանքը շահագործելիս՝ բնապահպանական վտանգները նվազագույնի հասցված։ Բնապահպաններն ու մի շարք գիտնականներ հակառակն են պնդում, տարիներ շարունակ քննադատության թիրախում պահելով ընկերությանը։

Արմեն Ստեփանյանը հրաժարվեց պատասխանել, եթե շահագործումն իրոք անվտանգ է, ինչու պետք է մասնագետները հրաժարվեն դա ընդունել․ - «Ես չեմ ուզում մտնեմ էդ հարթության մեջ: Մեր ընկերությունը և պրոեկտը ինքն է զոհ դավադրությունների տեսության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG