Մատչելիության հղումներ

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը 2018-ին կանցկացվի Ռուսաստանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի և Ադրբեջանի նախագահներին 2018 թվականին հրավիրել է Ռուսաստան։

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը 2018-ին կանցկացվի Ռուսաստանում։

Իսկ երեկ՝ Թեհրանում կայացած գագաթնաժողովի օրակարգում հիմնականում էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցերն էին։

Եռակողմ հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին Պուտինը նախ դրական է գնահատել գագաթնաժողովի աշխատանքները, ապա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Հյուսիսային Իրանին՝ Ադրբեջանի տարածքով։

«Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը և Ադրբեջանը էներգակիրների խոշոր արտադրողներ են, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է միմյանց հետ մրցակցենք, սա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Անդրադարձ է եղել նաև էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցությանը։ Այդ մասին նույնիսկ ասված է համատեղ հռչակագրում։ Խոսքը էլեկտրաէներգիայի միասնական եռակողմ համակարգ ստեղծելու ծրագրի մասին է։

Օրակարգային կարևոր հարցերից էր նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ծրագիրը։ Պուտինն ասուլիսին հայտարարել է, որ այն արդեն գործում է փորձնական ռեժիմով։

Գագաթնաժողովին քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։

Ասուլիսին Պուտինը չի շրջանցել նաև Թուրքիայի թեման։

«Մենք մանրակրկիտ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագիրն ու իրավիճակը Սիրիայում։ Իրանի հետ մենք բավականին արդյունավետ ենք աշխատում, կարողանում ենք համակարգել մեր քայլերը Սիրիայում։ Մեր երկու երկրների, ինչպես նաև Թուրքիայի միասնական քայլերի շնորհիվ ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում բավականին դրական է զարգանում», - հայտարարել է Պուտինը։

Երեկ Թեհրանում Ռուսաստանի նախագահը Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ նաև առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել, ինչպես նաև հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի հետ, ով Պուտինի հետ հանդիպմանը Ամերիկային մեկուսացնելու կոչ է արել։

«Մենք ի վիճակի ենք դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին և մեկուսացնել Նահանգներին։ Օրինակ, կարող ենք հրաժարվել դոլարից՝ երկկողմ և բազմակողմ մեր գործարքներում», - ասել է Խամենեին և հավելել, որ Պուտինն ուժեղ անձնավորություն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG