Մատչելիության հղումներ

Թեհրանում այսօր կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները


Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 8-ը օգոստոսի, 2016թ․
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 8-ը օգոստոսի, 2016թ․

Թեհրանում այսօր հանդիպելու են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը։

Երեք երկրների նախագահները եռակողմ ձևաչափով հանդիպել էին նաև 2016 թվականի օգոստոսին՝ Ադրբեջանում։

Այսօր Թեհրանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցության հրատապ հարցեր, նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Օրակարգի հիմնական թեմաներից է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ապրանքաշրջանառությունն այս «եռանկյունու» շրջանակում աճել է։ Ըստ Պեսկովի, Իրանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է 70 տոկոսով, իսկ Ադրբեջանի հետ՝ 62 տոկոսով։

Օրակարգում է լինելու համագործակցությունը տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում։ Պեսկովի խոսքով, երեք երկրների նախագահները քննարկելու են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Նշենք, որ Պուտինն առանձին հանդիպում կունենա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և Հասան Ռոհանիի հետ։

Նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, երեկ հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Սա Պուտին-Ալիև առաջին հանդիպումն է Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո։ Երկու շաբաթից՝ նոյեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG