Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի գործով դատավարությունն անակնկալ զարգացում է ստանում


Առանցքային մեղադրյալներից Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով մինչև այժմ պնդում էր, թե գործը շինծու է, ինքը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, այսօր հայտարարեց, թե ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով:

Գաբրիելյանը դատարանում կասկած հայտնեց, որ կանխիկ գումարը նվիրաբերելու դեպքում այն իսկապես բանակի նպատակներին կծառայեր, ուստի որոշել է զինամթերք նվիրել․ - «Էթում եմ, հասնում եմ Թալիշ, տենում եմ ինչ ա կատարվում պոստերում: Ուզում եմ օգնել: Ես հրամանատար եմ․․․ Էդ որ ես եմ առնում, նվեր եմ տալի, դա վա՞տ բան եմ անում: Չե՞մ իմանում էդ գումարը ուր ա էթում, էթացող էր, թող էսքան վախտ էթար․․․ Ինչի՞ պտի գումարը տայի: Ես ուզեցել եմ, որ իր սրտի թեթևության համար անձամբ իմանամ ես իմ բանակին ինչ-որ բանով [օգնել եմ], ինչ-որ մի հատ անհատի չտվեցի էդ գումարը»:

Սանասար Գաբրիելյանը պնդեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը կապ չունի իր այս նախաձեռնության հետ:

Այնինչ, ըստ մեղադրանքի, Բաբայանն է դրդել Գաբրիելյանին ու մյուսներին ձեռք բերել «Իգլա» զինատեսակը: Թե ինչ նպատակով՝ մեղադրականում չի հստակեցվում:

Սանասար Գաբրիելյանն այսօր պատմեց, որ Հայաստան բերված «Իգլա»-ի լուսանկարները ցույց է տվել Սամվել Բաբայանին, որպես զինամթերքի լավ գիտակի՝ խորհուրդ հարցնելու, պարզելու՝ արդյո՞ք պիտանի զենք է, բացատրեց՝ «Վիգեն Սարգսյանը պոետ է», նրա կարծիքը չէր կարող հարցնել․ - «Բաբայանն ա դրա խիրուրգը, դրա ամեն ինչը հասկացողը․․․ Բա ես ո՞ւմ տանեմ ցույց տամ»:

Սամվել Բաբայանը, ըստ Սանասար Գաբրիելյանի, ասել է, թե զենքը պակասող բաղադրիչներ ունի, այդ տեսքով պիտանի չէ, ընդամենը պահեստամաս է, և խորհուրդ է տվել խնամքով փաթեթավորել, դնել արկղի մեջ ու տանել ղարաբաղի գյուղերից մեկում թաղել հողի մեջ:

Բայց, ըստ գործի նյութերի, բանը դրան չի հասել, «Իգլա»-ի մասով մեղադրյալներից Դավիթ Մայիլյանը, ով այժմ ազատության մեջ է, զենքը հանձնել է իրավապահներին:

Դատավորը Սանասար Գաբրիելյանից հետարքրվեց՝ չգիտե՞ր, որ զենք ձեռքբերելը քրեորեն պատժելի է: Սամվել Բաբայանը տեղից բացականչեց՝ ինքը Սանասարին բացատրել, զգուշացրել է, որ արածն ապօրինի է:

«Իգլա»-ի մասով մյուս մեղադրյալ «Ժորիկ» մականունով Արմեն Պողոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ, հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, ինչից հետո Պողոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր այն ենթադրությունից, թե զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:

Ներկոտված եվրոները մաքրելու մասով բոլոր մեղադրայլները հարցաքննվել են, միայն մեկն է Սամվել Բաբայանի անունը տվել, հայտնել է, որ նրանից է ստացել փողերը՝ իմանալով, որ Ռուսաստանից մեկը պարտքն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին:

Սամվել Բաբայանը ցուցմունք է տալու հաջորդ նիստին՝ մեկ շաբաթից: Նա արդեն հայտարարել է, որ գործը շինծու է, բայց չի հստակեցրել՝ արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է:

Բաբայանը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ աջակցում էր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG