Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան դիվանագիտական առճակատումը կարող է վտանգել Սիրիայում քիմիական հարձակումների քննությունը


Սիրիա - «Սիրիական ժողովրդավարական ուժեր» խմբավորման զինյալները «Իսլամական պետություն»-ից ազատագրված Ռաքքայում, 17-ը հոկտեմբերի, 2017թ․
Սիրիա - «Սիրիական ժողովրդավարական ուժեր» խմբավորման զինյալները «Իսլամական պետություն»-ից ազատագրված Ռաքքայում, 17-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուս-ամերիկյան դիվանագիտական առճակատումը կարող է վտանգի տակ դնել Սիրիայում քիմիական հարձակումների՝ մասնավորապես այս տարվա ապրիլին զարին տեսակի թունավոր նյութի կիրառմամբ մահացու օդային հարվածների փաստով միջազգային հետաքննությունը:

ՄԱԿ-ում այսօր սպասվում է Սիրիայում քիմիական հարձակումների փաստերը հետաքննող կազմակերպության մանդատի երկարաձգման հարցով քվեարկությունը: Այդ հարցով բանաձևը հեղինակել է Վաշինգտոնը, սակայն ակնկալվում է, որ Մոսկվան վետոյի կենթարկի այն:

Ռուսաստանյան իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե դժգոհ են հետաքննող այդ խմբի աշխատանքի որակից՝ պնդելով, որ առայժմ ձեռք բերված ապացույցները համոզիչ չեն:

Սիրիական իշխանությունների դաշնակից Ռուսաստանը Ասադի վարչակազմի պես կտրականապես հերքում է Արևմուտքի պնդումները, թե Սիրիայի կառավարական զորքերի ինքնաթիռները ապրիլին քիմիական գրոհների են ենթարկել Իդլիբում ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Պաշտոնական Դամասկոսը, հիշեցնենք, համաձայնել էր ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում: Սակայն այս տարիների ընթացքում սիրիական բանակին բազմիցս մեղադրել են քիմիական զենքի կիրառման մեջ: Սիրիայի իշխանությունները կտրականապես հերքում են արգելված նյութերի օգտագործումը:

Վեցերորդ տարին շարունակվող սիրիական պատերազմում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հանդես են գալիս հակառակ դիրքերից, սակայն թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը հայտարարում են, որ իրենց նպատակը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է:

Սիրիական հակամարտության ֆոնին երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են Սիրիայում «Իսլամական պետության» կարևորագույն հենակետը համարվող Ռաքքայի ազատագրման շուրջ, որն իսլամիստ ծայրահեղականների վերահսկողության տակ էր 2014 թվականից: Անցած շաբաթ միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել է Ռաքքայում «Իսլամական պետության» դեմ պայքարում տարած հաղթանակի մասին:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը, որին հաճախ են մեղադրում Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների մեջ, հայտարարել է, թե Արևմուտքը շտապում է Ռաքքայի բնակիչներին ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել, որպեսզի «հնարավորինս արագ մաքրի ամերիկյան օդուժի և կոալիցիայի բարբարոսական ռմբակոծությունների հետքերը, որոնց արդյունքում Ռաքքայի հազարավոր բնակիչներ են թաղվել ավերակներում»:

Գերատեսչության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ «Ռաքքան ժառանգել է 1945 թվականի Դրեզդենի ճակատագիրը, որը գետնի երեսից ջնջվել էր անգլո-ամերիկյան ռմբակոծության արդյունքում»:

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչները, մինչդեռ, հավաստիացնում են, թե թիրախային հարվածներ հասցնելով իսլամիստների դիրքերին՝ փորձում են խուսափել խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG