Մատչելիության հղումներ

Ջիմի Քարթերը պատրաստակամություն է հայտնել բանակցել Հյուսիսային Կորեայի հետ


ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հայտարարել է, թե պատրաստ է Թրամփի վարչակազմի անունից մեկնել Հյուսիսային Կորեա՝ օգնելու թուլացնել երկու երկրների միջև աճող լարվածությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

93-ամյա Քարթերը Ջորջիա նահանգում գտնվող իր ամառանոցում հարցազրույց է տվել ամերիկյան պարբերականին և հայտարարել, որ «եկել է ևս մեկ դիվանագիտական առաքելության ժամանակը և ինքը պատրաստ է դա անել նախագահ Թրամփի համար»:

Դեմոկրատ Քարթերը, ով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1977-1981 թվականներին, պատմել է, որ այդ մասին խոսել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Հենրի ՄըքՄասթերի հետ, սակայն բացասական պատասխան է ստացել: Քարթերն ասել է, որ Թրամփի և հյուսիսկորեացի առաջնորդի միջև հեռակա լեզվակռիվը շատերին, այդ թվում՝ իրեն է մտահոգել:

1990-ականների կեսերին Քարթերը, անտեսելով այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի հորդորները, այցելել էր Փհենյան և համաձայնագիր կնքել Քիմ Իր Սենի՝ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդի պապի հետ: ԱՄՆ նախկին նախագահի խոսքերով, Հյուսիսային Կորեան ջանում է պահպանել իր ռեժիմը և՝ «մենք շատ ենք գերագնահատել Չինաստանի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա»: - «Հատկապես Քիմի վրա, ով երբեք չի եղել Չինաստանում»,- հավելել է Քարթերը, հիշեցնելով, որ հյուսիսկորեացի ներկայիս առաջնորդի հայրը՝ Քիմ Չեն Իրը, Չինաստան այցելել է և շատ մտերիմ էր չինական իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG